ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատմել է «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացման փուլերի մասին, որոնք իրականացնում է կառավարությունը: Նա տեղեկացրել է, որ իշխանությունն առաջին փուլում մտադիր է «Ակադեմիական քաղաք» տեղափոխվել 4 բուհ՝ կրթական, տեխնոլոգիական, արվեստի և սպայական համալսարանները, երկրորդ փուլով՝ դասական և բժշկական համալսարանները:
Ըստ նախարարի՝ «Ակադեմիական քաղաքում» առաջին շենքերը կկառուցվեն 2029 թվականին։
««Ակադեմիական քաղաքի» հայեցակարգն ստեղծված է, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ է ստեղծվել, որը ծրագրի ամբողջ նախապատրաստման, իրականացման, հետագա կառավարման գործընթացների պատասխանատուն է, արդեն իսկ քննարկման է ներկայացված բարձրագույն կրթության և գիտության օրենքի նոր նախագիծը, որում «Ակադեմիական քաղաքի» օրենսդրական ստեղծումը տեղադիրքի իմաստով և կարգավորումների իմաստով նույնպես նախատեսված է։ Բուն ծրագրի իրականացման գործընթացն սկսված է։ Կարծում եմ՝ այդ ժամանակը բավարար է, որ մեր պլանավորած աշխատանքներն իրականացնենք»,- ասել է նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի սեպտեմբերի 1-ին հայտարարել էր կրթության ոլորտի բարեփոխումների մասին, որոնց շրջանակներում Հայաստանում կստեղծվի ութ խոշորացված բուհ՝ պետության ամբողջական ֆինանսավորմամբ։ Նա տեղեկացրել էր, որ կկառուցվի «Ակադեմիական քաղաք», որտեղ կտեղակայվեն բոլոր 8 բուհերը։ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին ԿԳՄՍ նախարարը հայտնել էր, որ «Ակադեմիական քաղաքի» բացումը նախատեսված է 2030 թվականի հունվարին։
Հուլիսի 9-ին Անդրեասյանը հայտարարել էր, որ «Ակադեմիական քաղաքի» կառուցումը խոշորածավալ ծրագիր է, որի ընդհանուր արժեքը կկազմի մի քանի տրիլիոն դրամ։ Ըստ նրա՝ առաջին փուլով «Ակադեմիական քաղաքում» աշխատելու և բնակվելու է մոտ 44,000 մարդ: