Հուլիսի 19-22-ը Երևանում ընթանում է Երևանի ռեստորանային օրեր՝ «ՌեստոՖեստ-2024» փառատոնը։ Փառատոնը բաց է ժամը 16:00-22:00-ն՝ Մոսկովյան և Թումանյան փողոցների հատվածում։
Փառատոնին մասնակցում են 100 ռեստորան-սրճարաններ, որոնք տաղավարներում ներկայացնում են իրենց խոհանոցը։ Փառատոնի ընթացքում նախատեսված են նաև համերգային ծրագրեր, հայ արտադրողների արտադրանքի ցուցադրություն-վաճառք։
«Նմանատիպ փառատոնները նպաստում են Հայաստանում գործող ռեստորանների հանրայնացմանն ու ճանաչելիությանը և ստեղծում են ևս մեկ առիթ՝ ջերմ ու բարի տրամադրություն հաղորդելու հայ հանրությանն ու Հայաստան ժամանած հյուրերին»,- նշում են կազմակերպիչները։
Հուլիսի 18-ին Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ «ՌեստոՖեստ-2024» փառատոնի իրականացման նպատակով հուլիսի 18-22-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն։