Այսօրվա «Խոսենք գլխավորի մասին» ծրագրի հյուրն է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սրբազանի հետ Armenia Today-ը խոսել է Հայաստանում Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանը կառուցելու մտադրության, ժողովրդի հոգևոր վերածննդի, բարեգործական ծրագրերի, պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների շուրջ։
Գագիկ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի՝ տարածաշրջանում ամենամեծ արձանը տեղադրելու մտադրության մասին
Եկեղեցու դավանանքի և քրիստոնեական ընկալումների մեջ արձանաշինությունը, որպես այդպիսին, գոյություն չունի, նշեց Սրբազանը։
«Իմ համար անձնապես անընկալելի և ինչ–որ իմաստով էլ անընդունելի է սա, որովհետև մեր հոգևոր դավանանքին և ընկալումներին չի համապատասխանում այն»,-նշեց Տավուշի թեմի առաջնորդը՝ հավելելով, որ քանի որ, յուրաքանչյուր մարդ իր միջոցներն ունի, ինքն ունի նաև իր արտահայտման ձևը։
«Սակայն ես նպատակը չեմ հասկանում և այն որոշակի իմաստով ձևակերպված չէ։ Ինչու՞ հենց այս ժամանակահատվածում։ Ինչու՞ Քրիստոսի արձան։ Սրանք հարցեր են, որոնք կյանքի իրավունք ունեն, քանի որ նպատակն էլ հստակ չէ։ Եթե առաջին քրիստոնյա ազգ եք, ապա մենք շատ ավելի ուրիշ բաներ կարող ենք իրականացնել, այլ ոչ թե կենտրոնանալ այդ արձանի վրա։ Դա ուղղալի առաջնահերթություն չունի մեր կյանքում», – նշեց Բագրատ Սրբազանը։
Հետպատերազմյա հայ հասարակության հոգևոր վերածնության մասին
Ըստ հոգևորականի՝ մենք ամեն վարկյան պետք է պատրաստ լինենք և կոչված լինենք չվախենալ որևիցե պատերազմից։ «Պատերազմն, ինքնին լինելով ողբերգություն և աղետ, նաև մեծ հնարավորություն էր մեզ համար մեր արժանապատվությունը հաստատելու և միջոցներ ձեռնարկելու մեր իրավունքները պարտադրելու համար։ Վերջը վերջով, մենք ունենք մեր գոյության իրավունքը», – ընդգծեց Տեր Հայրը։
Իսկ ընդհանուր առմամբ, ըստ նրա, հոգևոր արժեքների շատ խորը ճգնաժամի մեջ ենք մենք ապրում, որը մեր 21-րդ դարի նկարագիրն է, մանավանդ՝ 44–օրվա պատերազմից հետո։
Ըստ Սրբազանի՝ տնտեսության զարգացումը շատ լավ է, բայց գերնպատակ և վերջնանպատակ, պաշտարմունքի հասնող դա չի կարող լինել։ «Մեր Տերը ինքն է ասում` «ես եմ կենդանի հացը, ձեր հայրերը մանանան կերան անապատում, բայց մեռան»։ Այսինքն՝ մանանան՝ այդ հացը պիտանի է, ցանկալի, բայց դա կարևոր չի, մեռնող է դա։ Չի կարելի միայն այդ նպատակով կամ մղվածությամբ ապրել կյանքում։ Հետևաբար սա պարզ օրինակներից մեկն է, երբ մենք հայրենիքի հսկայական կորուստ ունենք, իսկ մեզ մատուցվում է ճանապարհներ, տնտեսական զարգացում, արևտուր։ Դա խոսում է արժեքների և հոգևոր ճգնաժամի մասին», – նշեց Տավուշի դեմի առաջնորդը։
Ըստ նրա՝ եկեղեցին այժմ մեծ մասամբ զբաղված է երկու կարևոր ուղղություններով` սոցիալական մասով նախ ամոքման առաքելությամբ՝ հատկապես զինվորների ընտանիքներին, զոհված եղբայրների ընտանիքներին, վիրավոր եղբայրներին և գերևարվածներին։
«Երկրորդ պարագան, որը չափազանց անհրաժեշտ է` դա գաղափարական դաշտ ստեղծելն է, ինչի համար մենք կոչված ենք՝ գաղափարների և արժեքների ճիշտ մատուցումը։ Որովհետև այսօր մեր իրականության մեջ քննարկումը կամ իրավիճակի վերլուծությունը մեծ մասամբ հայհոյանքների կամ փառաբանության տիրույթում են։ Դժբաղտաբար, չի արվում պետական մակարդակով գաղափարների վերլուծությունը և մաքրությունը, որպեսզի մարդկանց ուղղություն տրվի։ Պետք է ստեղծել գաղափարական դաշտ, արժեքների վերագնահատման մասին անընդհատ խոսել։
Եվ երրորդը` դա հոգևոր կրթության անհրաժեշտությունն է, նոր որակի և նոր մտքերի, քանի որ պատերազմից հետո այլ կյանքում ենք, այլ իրավիճակում ենք։ Սա անշուշտ երկար ժամանակի հարց է, բայց եկեղեցին միշտ երկար ժամանակի մասին է մտածել», – նշեց Տավուշի թեմի առաջնորդը։
Բագրատ Սրբազանի բարեգործական առաքելությունների մասին
Մեր խնդրանքով Սրբազանը խոսեց նաև տարբեր բարեգործական ծրագրերին իր մասնակցության մասին։ «2013 թվականից, բայց պաշտոնապես 2018–ից քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման խնդիրներով ներգրաված եմ Մուրացանի քիմիաթերապիայի կենտրոնում և 2018 թվականի Sity of Smile հիմնադրամի անդամ եմ, իսկ մեկ տարի առաջ էլ դարձել եմ խորհրդի նախագահ։ Այդ հիմնադրամի գործունեությունը ուղղված է մինչև 25 տարեկան երիտասարդների բուժման նյութական և հոգևոր կարիքները հոգալու համար», – հայտնեց Տեր հայրը։
Ըստ նրա՝ այս օրերին Տավուշի թեմի նախաձեռնությամբ` համագործակցելով Արյունաբանական կենտրոնի բժիշկների հետ, կառուցվում է քաղցկեղով հիվանդ երեխաների համար վերականգնողական կենտրոն։
«Իջևան քաղաքի մոտ Գետահովիտ համայնքում շատ գեղատեսիլ վայրում տարածք ունենք և այնտեղ քաղցկեղով հիվանդ երեխաների և իրենց ընտանիքների համար կառուցում ենք վերականգնողական կենտրոն։ Աստված տա, որ հուլիս ամսին ավարտենք այդ կենտրոնի կառուցումը։
Մնացած ծրագրերը հիմնականում կապված են Տավուշի հետ։ Մենք ստեղծել ենք «ՏաՀույս» հասարակական կազմակերպությունը, որը հիմնականում ունի սոցիալ–կրթական ուղղվածություն, հիմնել ենք երկու կենտրոններ ` Իջևանում և Նոյեմբերյանում, երրորդ կենտրոնի կառուցումը կսկսենք Բերդ քաղաքում։ Նաև մեր շրջանում հիմնելու ենք երեքօրյա դպրոցներ, որոնք որոշակի փորձաշրջան անցնելուց հետո հուսանք կտարածվի երկրում։ Մնացածը կապված են համալսարանական ուսանողների կրթաթոշակների հետ», – պատմեց Սրբազանը։
Եկեղեցաշինության մասին
Անդրադառնալով Դիլիջանում նոր եկեղեցի կառուցելու նախաձեռնությանն և, ընդհանրապես, պետության կողմից եկեղեցաշինության աջակցությանը՝ Բագրատ Սրբազանը նշեց. «Պետության հետ ոչ մի համագործակցություն չկա, միայն այդ թույլտվություններն են կապված իրենց հետ։ Դա նախաձեռնել է IDeA հիմնադրամը՝ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ՝ իր ընկերների հետ միասին (Նուբար Աֆեյանը, օրինակ)։ Այդ նախաձեռնությունը արդեն մի քանի տարի է, ինչ շարունակվում է և, հուսանք, որ առաջիկայում իր ամփոփումը կգտնի»։
Բագրատ եպիսկոպոսի խոսքով՝ այդ գործում ներգրաված է բնականաբար նաև Դիլիջանի համայնքը՝ թե՛ դրամահավաքի, թե՛ աշխատանքի տեսքով։
«Դիլիջանում եկեղեցու կառուցելը անհրաժեշտությունն էր։ Մենք ժամանակին մեր ձեռքերով Դիլիջանում քանդել ենք մեր տաճարը, որտեղ երդում է տվել Գարեգին Նժդեհը, իսկ մայրը ամփոփված է Դիլիջանի գերեզմանատանը։ Այսինքն, այդ ամբողջ հոգևոր լիցքը, որ մենք ստացել ենք ժամանակին, մեր հայրերը իրենք իրենց ձեռքերով քանդել են», – նշեց Գալստանյանը՝ դա որպես անպատվություն գնահատելով։
Ըստ նրա՝ անհրաժեշտ է վերականգնել արդարությունը. «Այսինքն, սա սոսկ եկեղեցի կառուցելու նպատակ չի հետապնդում, այլ հոգևոր ժառանգություն վերականգնելու առաքելություն, որը ուղղված է սրբագրելու այն չարիքը, որը գործել են ժամանակին»։
Պետություն–եկեղեցի փոխհարաբերակցության մասին
Բագրատ Սրբազանը համաձայն չէ եկեղեցու հետ կապված որոշ շրջանակների տարած քաղաքականության հետ։ «Եկեղեցին իր ծոցում մշտական կրել է պետականության տեսիլքը՝ անկախ նրանից թե այս օրերին ինչ հարձակումներ են տեղի ունենում այն գաղափարի վրա, որ եկեղեցին պատճառ է եղել պետության քանդմանը՝ բերելով օրինակներ 4 –րդ, 11–րդ դարերից։ Խոսում են Պապ թագավորի, Պետրոս Գետադարձի մասին։ Բայց մի բան մոռանում են, որ այդ պետության տեսիլքը եկեղեցին կրել է իր ներսում և դրա բանաձևային իմաստով լավագույն արտահայտությունը 5–րդ դարում Սահակ Պարթև կաթողիկոսն է տալիս, ասելով` երբ նախարարները, իշխանական տները իրեն մոտեցան, որպեսզի արքային գահազուրկ անի և նրա տեղը ինչ–որ մի պարսիկին կարգի, Սահակ Պարթև կաթողիկոսն իր խոսքի ձեակերպումն այսպես տվեց` «ես իմ հիվանդ գառնուկին չեմ փոխի առողջ գայլի հետ, որի գոյությունը արդեն սպառնալիք է մեզ համար», և սա կրկնվում է նաև Կիլիկյան թագավորության ժամանակ»։
Ըստ եպիսկոպոսի՝ սա խոսում է շարունակականության և սկզբունքի մասին։ «Մենք միշտ ասել ենք հոգու և մարմնի հարաբերակցության մասին, չի կարող մեկը տկարանալ, իսկ մյուսը՝ ուժեղանալ, ինչքան հոգին ուժեղ է, այնքան մարմինը կարող է ուժեղ լինի և հակառակը։ Սա բոլոր ժամանակներում եկեղեցի և պետության հասկացողությունը ընգրկումն է։ Այդ մոդելը եղել է Գրիգոր Լուսավորիչ – Տրդատ թագավոր, Վռամշապուհ արքա – Սահակ Պարթև կաթողիկոս ժամանակներում», – նշեց Սրբազանը՝ հավելելով, որ մենք պիտի փորձենք այս մոդելը վերագտնել այսօրվա կյանքում, այլ ոչ թե փորձենք գնալ արհեստական մրցակցությանը։
«Երբ մենք մի բան խոսում ենք, ասում են քաղաքականության մեջ մի խառնվենք, բայց սա մեր կյանքն է, իմ կենսագրությունն է, իմ պատմությունը, ժառանգությունը, հայրենիքն, իմ պետությունը, իմ ժողովուրդը, որի ծոցից ծնվել եմ որպես հոգևորական։ Այդ բոլոր արժեքների տեր կանգնելու ուխտ եմ կնքել ես։ Այսինքն՝ այդ բաժանման սկզբունքը անհասկանալի է»,-նշեց նա։
Ըստ Սրբազանի, ավելին, հենց եկեղեցին է հայրենիք և պետություն ունենալու տեսիլքը բերել հասցրել 21–րդ դար։ «Արդյունավետությունը, ժողովրդի կյանքի բարելավումը և փոփոխությունը կապված է իր հոգևոր ընկալումների և արժեքների հետ։ Պետությունն էլ պետք է այդպես գործի, ոչ թե բոլորը դառնան կրոնավորներ, այլ հակառակը՝ այդ արժեքներին խրախուսելու ու խթանելու ճանապարհների միջոցները պետք է գտնել, վեր բարձրացնել մարդկանց մտածողությունը և կյանքը, որով նաև կբարեփոխենք մնացած մեր կյանքի բոլոր ոլորտները», – նշեց հոգևորականը։
Հոգևոր անվտանգության հիմնախնդիրների մասին
Անդրադառնալով մեր զինվորների հետպատերազմյա վերականգնման գործընթացում հոգևորականների առաքելությանը՝ Սրբազանը նշեց. «Մենք ունենում ենք թե՛ ընդհանրական խոսակցություններ իրենց հետ, թե՛ առանձին զրույցներ։ Այս պահին սահմանում կանգնած զինվորի մոտ ամեն ինչ իր միջով անցնում է»։
Ըստ Բագրատ եպիսկոպոսի՝ պետք է այն մտայնությունը լինի, որ անգամ առանց խոսքի կարելի է պարզապես զինվորի կողքին լինել՝ թեթևացնել այն ծանր բեռը, որ կրում են նրանք։ «Մենք փորձում ենք իրենց հոգին ավելի զորացնել, նույն ժամանակ, ես անձնապես, մանավանդ վերջին շրջանում, անընդհատ ուզում եմ, որ մեր զինվորները, ամբողջ ժողովուրդը երկու գաղափարով զինվի` առաջին հերթին, մեր անփոխարինելի հայրենիքը և պետությունը, երկրորդը` մեր ընկալումների մեջ անմահության գաղափարը դառնա ուղղակի ամեն րոպեի, ժամի իրականություն, որ ես անմահության զինվոր եմ, մարդ եմ», – նշեց Հայր Սուրբը։