Ադրբեջանը ստորագրելով դաշնակցային հռչակագիր Ռուսաստանի հետ, հայտնվել է բավականին անհարմար վիճակում։ Armenia Today թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովվանիսյանը։ Նրա խոսքերով այս հռչակագիրը`փաստաթուղթ է, որ ենթակա է ամեն 10 տարի թարմացմանը, այնպես որ սա նորություն չէ։
«Բայց սա նորություն է այն առումով, որ այն ստորագրվել է այն ժամանակաշրջանում, երբ որ աշխարհը կարծես թե Ռուսաստանի դեմ է եւ նոր քաղաքական իրավիճակներ է ի հայտ եկել», – նշեց փորձագետը։ Ըստ նրա, այս առումով բավականին հետաքրքիր իրավիճակում է հայտնվել Ադրբեջանը, քանի որ բոլորը գիտեն, որ նրա համար շատ կարեւոր ռազմական դաշնակից եւ եղբայրական երկիրն` Թուրքիան գտնվում է Ռուսաստանի հետ հարաբերություններում բարիկադներից այն կողմ։
«Դուրս է գալիս, որ Ադրբեջանը ստորագրում է մի փաստաթուղթ, որով նա պարտավորվում է ռազմական համագործակցության գնալ Ռուսաստանի հետ անհրաժեշտության դեպքում»,– նշեց նա։
Նրա կարծիքով, եթե լինի ռազմական բախում Ռուսաստանի հետ ՆԱՏՕ–ի շրջանակներում եւ որեէ ճակատում Թուրքիան ստանձնի իր դերակատարությունը Ռուսատանի դեմ, ապա Ադրբեջանը եւս հայտնվում է բարիկադներից այս կողմ Ռուսաստանի կողմից եւ ինքն մասնակցում է Թուրքիայի դեմ ռազմական գործողություններին։ «Բավականին խրթին է այս իրավիճակը, անհարմար եւ ոչ նախանձելի Ալիեւի համար», – ընգծեց ռազմական փորձագետը։
Ինչ վերաբերում է հարցին ինչ դիրքորոշում կունենա Ռուսաստանը, եթե վերսկսվի պատերազմը Արցախում, ապա Հովհաննիսյանը նշեց, որ «բոլորս էլ գիտենք, որ թե առաջին ղարաբաղյան պատերազմում, թե 44–օրվա Արցախի դեմ վերջին պատերազմում Ռուսաստանը այս թե այն կերպ ընգրկված է եղել, բայց ուղիղ մասնակցություն չի ունեցել։ Այսինքն անկախ այն բանից կլինի այդ հռչակագիրը, թե չի լինի միեւնույն է Ռուսաստանը իր մասնակցությունը չի բերում մեր հակամարտությանը։ «Այնպես որ հրչակագիրը մեր առումով եւս, ես կարծում եմ այդքան էական նշանակություն չունի», – եզրակացրեց փորձագետը։