Հայ գործարարների ասոցիացիան հունիսի 11-ին Երևանում կազմակերպել էր Buissup Conference է կազմակերպել՝ «Business։ next station» թեմայով: Միջոցառմանը ներկա էին 1400 մասնակիցներ, որոնց թվում՝ երիտասարդ գործարարներ, ուսանողներ և փորձագետներ Հայաստանից և այլ երկրներից: Buissup Conference – ը դարձել է Հայաստանի ամենախոշոր երիտասարդական իրադարձություններից մեկը։
Համաժողովը «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ է անցկացվում։
Մայրաքաղաքի Prime Hall հարթակում հավաքվել են ձեռներեցության ոլորտի լավագույն մասնագետները։ Նրանք կիսվել են իրենց փորձով և պատմել բիզնեսում նորագույն տեխնոլոգիաների կիրառման մասին, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը, մեքենայական ուսուցումը, վիրտուալ իրականությունը, կիբեռանվտանգությունը և այլն: Համաժողովի ծրագիրը կազմվել է այնպես, որ դրա արդյունքում մասնակիցները առաջիկա տարիներին բիզնեսի զարգացման հստակ տեսլական կարողանան կազմել:
«Մեկ հարթակում այսքան բիզնես-մտածելակերպով երիտասարդներին համախմբելը մեզ համար մեծ պատիվ է։ Մենք՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Buissup հարթակ ենք ստեղծել հենց դրա համար՝ նպաստելու բիզնեսի զարգացմանը», – նշել է «Հայ գործարարների ասոցացիա»-յի ղեկավար Գոհար Ղումաշյանը։
Ըստ Ղումաշյանի՝ ասոցիացիան իր հիմնադրման առաջին իսկ օրերից բավականին հավակնոտ նպատակ է դրել մեկ հարթակում և մեկ գաղափարի շուրջ միավորել հաջողակ գործարարներին, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսական զարգացմանը և բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծմանը:
«Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Տիգրան Աբովյանն իր հերթին ասել է, որ «Տաշիր» -ի աջակցությամբ ստեղծվել է մի հարթակ, որի գլխավոր նպատակն է մեկ հարթակում միավորել նորարարական մտածողությամբ օժտված երիտասարդներին՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով նրանց սովորել ավագ սերնդի ներկայացուցիչներից և հասնել նոր բարձունքների:
«Տարվա ընթացքում առաջարկվել են բազմաթիվ նորարարական նախագծեր, որոնցից 9-ը ստացել են մոտ 1.2 մլն դոլարի ֆինանսավորում։ Իմ խորին համոզմամբ այս տարվա միջոցառումները կլինեն ոչ պակաս նորարարական, ոչ պակաս հետաքրքիր և ոչ պակաս հաջողված», – ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Տիգրան Աբովյանը։
Համաժողովին որպես բանախոսներ հանդես են եկել NVIDIA ընկերության Երևանյան մասնաճյուղի ղեկավար Ռև Լեբարեդյանը, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը, «Գալաքսի» ընկերությունների խմբի Գլխավոր տնօրենի տեղակալ, Ռազմավարության և Ինովացիայի տնօրեն Էդգար Կարապետյանը, Smartclick ընկերության հիմնադիր և տնօրեն Ռեմ Դարբինյանը, «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ի Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, ՀՀ կենտրոնական բանկի Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտ տնօրենի տեղակալ Կոմիտաս Ստեփանյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը: Միջոցառման մոդերատորը հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էր:
«Գալաքսի» ընկերությունների խմբի Գլխավոր տնօրենի տեղակալ Էդգար Կարապետյանի խոսքով՝ նման նախագծերը պետք է հնարավորինս շատ լինեն։ «Նման նախագծերը հնարավորություն են տալիս երիտասարդներին ներգրավվել բիզնեսի ոլորտ՝ նորարարական տեխնոլոգիաների առավել արդյունավետ կիրառման միջոցով։ Դա նաև հնարավորություն կտա բիզնես-ընկերություններին իրենց շարքերում ներգրավել երիտասարդ կադրերի», – ասել է Կարապետյանը։
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արամ Փախչանյանի խոսքով՝ Հայաստանում ներդրումների հետ կապված խնդիրներ չկան, բայց երկրի համար կարևոր են անհրաժեշտ հմտություններ ունեցող թիմերի ձևավորում: «Հայաստանում «վխտում են» ներդրումային ֆոնդերը։ Հայաստանն ունի մեկ խնդիր՝ ձևավորվել համառ թիմեր, որոնք պատրաստ են հասնել մեծ նպատակների։ Սա է, որ մենք պետք է «աճեցնենք»։ Ես ամենօրյա ռեժիմով խոսում եմ ներդրողների հետ», – ասաց նա։
ABBYY ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը Buissup Conference համաժողովի ընթացքում պատմել է արհեստական ինտելեկտի՝ «Մորֆեուս»-ի ստեղծման նախագծի մասին: Յանի խոսքով՝ իրենք փորձում են պարզել, թե ինչ չափանիշներ պետք է ունենա ոչ կենսաբանական ուղեկիցը՝ ընտանիքի անդամ դառնալու համար:
Անդրադառնալով կիբեռանվտանգության (cybersecurity) թեմային՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ի Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԿԲ-ն այսօր վեցամսյա ծրագիր է իրականացնում կիբերանվտանգության փորձագետների պատրաստման համար և մասնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին հրավիրել է մասնակցելու կրթական ծրագրին:
Buissup Conference-ը Buissup կրթական նախագծի մի մասն է, որի նպատակն է աջակցել երիտասարդ ձեռներեցներին` ստեղծելու արդյունավետ գործարար տարածք Հայաստանի և Ռուսաստանի միջև: Buissup-ի շրջանակներում հուլիսի 9-10-ը տեղի կունենա Buissup Hackathon հայ գործարարների մրցույթի առաջին փուլը, որի հաղթողները հնարավորություն կունենան մասնակցելու Buissup Global Forum մրցույթի եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-11 – ը Դիլիջան քաղաքում: