Կապանի Եղվարդ համայնք տանող ճանապարհը պատերազմից հետո երկարել է 5-6 կիլոմետրով: Գյուղում ապրում է մոտ 300 մարդ, որից 38-ը դպրոցական է, 13-ը՝ մանկապարտեզի սան։ Պատերազմից երկու տարի անց, նոր ճանապարհի կառուցումը դեռ ընթացքի մեջ է: Սահմանամերձ գյուղի կյանքը՝ Armenia Today-ի տեսանյութում։
«Մենք ուրիշ ճանապարհ ենք ուղեցել, անցնում էինք Փայլասարի հատվածով, 15 կմ-անոց, լավ ասֆալտապատ ճանապարհ էր։ Այս նոր ճանապարհով 35 րոպեում ենք հասնում մարզկենտրոն», – Armenia Today-ի հետ զրույցում նշում է Կապանի Եղվարդ համայնքի գյուղապետ Արուսյակ Դավթյանը։
Գյուղում մեծամասնությունն աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում ու ճանապարհի երկարելուց հետո մտավախություն կար, որ նրանցից շատերը կկորցնեն աշխատանքը, բայց ամեն մեկը մի լուծում է գտել՝ կա՛մ վատ ճանապարհով են երթևեկում, կա՛մ Կապան են տեղափոխվել: Մի մասն էլ սպասում է ճանապարհի շինարարության ավարտին:
Մեկ այլ խնդիր էր նաև ջրի հարցը: Մինչև 2011 թվականը գյուղում անմխիթար վիճակ էր, ասում է նախկին գյուղապետ Սպարտակ Զաքարյանը, իսկ ջուրը հոսում էր փողոցներով:
«Բնակիչը շաբաթական մեկ ժամ էր ջուր ունենում: Համայնքի բնակիչները քաղաք էին գնում, ջուր էին բերում»,-նշում է նախկին գյուղապետը։
Համայնքների խոշորացումից հետո հնարավոր եղավ խողովակ անցկացնել և պոմպերով ջուրը մեկ այլ աղբյուրից ջրամբար հասցնել: Նաև ներքին ցանց էր կառուցվել, որը հետագայում արդյունավետ չաշխատեց: «Շինարարի թերացման արդյունքն էր։ Դիտահորերը ճիշտ չէին կառուցված»,-նշեց Զաքարյանը։
Դիտահորերի սխալ կառուցման ժամանակ ջրի կորուսը եղել է մոտ 20%, իսկ խնդիրը լուծելու ժամանակ բնակիչները հաճախ վնասել են հարևանների փականները։ Դիտահորերը վերականգնվել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ֆինասավորմամբ։
Նորոգումից հետո բոլոր բնակիչներն իրենց տներում ունեն շուրջօրյա ջուր։ Ջրի խնդիրը հիմնականում ամռանն էր սրանում, իսկ ձմռանն էլ առաջ էր գալիս վառելափայտի հարցը:
«Պատերազմից հետո բոլորն ինչ-որ օգնության կարիք ունեին, բայց ամենակարևորը տների տաքացման խնդիրն էր, դա էլ Կարմիր խաչն արձագանքեց, շատ արագ՝ միանվագ գումար տրամադրեց, որ մարդիկ հոգան տների ջեռուցման հարցը»,-նշեց Զաքարյանը։
Պատերազմն իր հետքը թողել է նաև գյուղատնտեսության վրա՝ հատկապես վարելահողերի: Մոտ 500 հեկտար հող և արոտավայրեր են կորցրել, ևս 1000-ը վարձակալել էին Արցախից: Այս գործոնը լրջորեն խաթարել է եղվարդցիների գյուղատնտեսական գործունեությունը:
«Ոռոգման ջուր չունենք, որ բոստանային աշխատանքներ շատ անենք, բայց անասնապահությունն էլ է հիմա մի քիչ սահամանփակ, որովհետև արդեն սահմանամերձ ենք ու արտավայրերն արդեն շատ են պակասել, քիչ են պահում բնակիչները»,-նշում է համայնքապետը։
«Նոր մոդուլային դպրոց պետք է կառուցվի, որովհետև ներկայիս դպրոցը շատ վատ վիճակում է, այսքան տարիներ անմխիթար վիճակում էր»,-նշում է տիկին Դավթյանը։
Գյուղի բնակչությունն ապագայի համար դիտարկում է մեղվաբուծության և տուրիզմի զարգացումը։ Եղվարդում է գտնվում 18-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին: Նախկին գյուղապետ Սպարտակ Զաքարյան խոսքով՝ նույնիսկ անտեր մնալով, եկեղեցին չի քանդվել՝ վերականգնվել է 2007-2011 թվականներին: «2011-ին վերաօծում ենք արել։ Այդ ընթացքում աշխարհի բոլոր ծայրերից սփյուռքահայեր էին գալիս, իրենց ներդրումն էին ունենում»,-տեղեկացրեց նա։
Զաքարյանի խոսքով, գյուղի բնակչությունը գնալով ավելանում է. նախկինում գյուղից հեռացած մի քանի ընտանիք վերադարձել է Եղվարդ։ Բացի այդ, 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղից այստեղ է տեղափոխվել 3 ընտանիք։
Համայնքի փողերով գնվել է 3 տուն, եթե տեղահանվածները մնան 5 և ավելի տարի, ապա տները կդառնան նրանց սեփականությունը։ Գործում է նաև Եղվարդ-Կապան անվճար հասարակական տրանսպորտը, որը առավոտյան ժամը ութին բնակիչներին տեղափոխում է մարզկենտրոն, իսկ ժամը 16:30-ին հետ վերադառնում Եղվարդ:
Մանրամասները՝ տեսանյութում։