Մեկ ամիս տարբեր երկրներում շրջագայելուց հետո հեղինակավոր Բրյանցևի միջազգային փառատոնը՝ ԱՊՀ երկրների ծրագրով Հայաստանում է։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մայիսի 9-ին տեղի ունեցավ Մոսկվայի «Մոսսովետ»-ի թատրոնի «Մայրիկ» ներկայացումը (ռեժիսոր` Պավել Պարխոմենկո)։
Փառատոնի գործընկեր, Երևանի Շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Կարո Բալյանն Armenia Today-ին տեղեկացրեց, որ Գյումրիում ներկայացումը կցուցադրվի մայիսի 11-ին: «Փառատոնն արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան, որտեղ ցուցադրվել են հեղինակավոր «Ծիածան» փառատոնին մասնակցած թատրոնների ներկայացումները»,- նշեց նա։
Armenia Today-ը ներկա է գտնվել ներկայացմանը, իսկ մինչ այդ զրուցեց գլխավոր դերակատար, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր Անաստասիա Սվետլովայի և «Մոսսովետի» թատրոնի տնօրեն Ալեքսեյ Չերեպնյովի հետ:
Ո՞ր տարիքային խմբի համար է ներկայացումը
Գլխավոր հերոսուհու դերակատարն Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ ներկայացումը շատ բազմազան է: Այն դիտելուն հավակնում են բոլոր տարիքի մարդիկ:
«Սա ընտանիքի պատմություն է, պատմություն մի կնոջ մասին, որը, ցավոք, չի կարողացել հաղթահարել իր սիրո սուր անկյունները, որպեսզի կարողանա բաց թողնել իր երեխաներին, անջատվել նրանցից, որպեսզի երեխաները կարողանան ապրել իրենց սեփական կյանքով: Եվ այդպիսով՝ նա ջախջախում է հարաբերություններն ընտանիքում՝ և՛ ամուսնու, և՛ որդու հետ, դե իսկ դուստրն առհասարակ մեկնել է՝ չհանդուրժելով մորը»,- ասաց նա:
Այս պատմությունը, դերասանուհու խոսքով, շատ հոգեհարազատ է ընտանիքի մարդկանց համար և ծանոթ է բոլորին: Չէ՞ որ մայրական սերը հրաշալի է, բայց երբեմն՝ շնչահեղձ անող:
Իսկ կարո՞ղ է սերը լինել դաժան
«Կարո՛ղ է: Այն կարող է լինել խեղդող, պահանջող, երբեմն ինչ-որ առումով՝ անգամ ցինիկ, այն կարող է անհաղորդ դարձնել սեփական երեխաների զգացմունքներին»,- ասաց Սվետլովան:
«Ես կարծում եմ, որ երեխաներին ժամանակին «բաց թողնելն» այս կյանքի անհրաժեշտությունն է: Կարծում եմ, որ ներկայացումն ինչ-որ առումով անգամ հոգեթերապևտիկ ազդեցություն ունի»,- շեշտեց նա՝ հավելելով, որ ոչ միշտ է դա դրական ազդեցություն թողնում:
Արտիստի խոսքով՝ ոմանց այն կարող է շատ խորը խոցել, օրինակ՝ մի մայր կարող է տեսնել, որ հնարավոր է՝ իր երեխաների դժբախտության պատճառն ինքն է: Քանի որ խառնվում է բոլոր գործերին, ձեռքն ամբողջ կյանքում պահում է իր ձագերի զարկերակին: Երեխաների տեսանկյունից էլ՝ գուցե ոմանք հասկանան, թե այդօրինակ իրավիճակներում ինչպես անջատվել, մեկուսանալ անվերջ սիրող մորից: «Իսկ դա իսկապես սեր է, սակայն ոչնչացնող ու փլուզող»,- պարզաբանեց Սվետլովան:
Ներկայացումը նաև սեփական սխալների վրա սովորելու հնարավորության մասին է
Իսկ արդյո՞ք այդ հնարավորությունը զավակներին տրվում է: Երբեմն մայրերն իրենց զավակների համար անգամ կյանքի ընկեր են ընտրում:
«Դա սարսափելի է: Պետք է հնարավորություն տալ սխալվել ու սեփական սխալների վրա փորձ ձեռք բերել: Քանի դեռ մի քանի անգամ ճակատով գետնին չես բախվել, միևնույն է՝ չես հասկանալու: Դա պարզապես չի լինի քո փորձը: Իսկ բոլոր խորհուրդները, որքան էլ որ լավը լինեն, քոնը չեն, ոչ էլ՝ քո ապրածը»,- ասաց նա:
Ներկայացումը հայելի է կանանց համար կամ հայացք դեպի ներս
Ներկայացումները նայելու գալիս են հիմնականում կանայք, ասաց դերասանուհին: «Եվ կարծես՝ հնարավորություն են ստանում հայացք նետել դեպի սեփական հոգին, ես-ը: Արդյունքում՝ հնարավարություն են ստանում հավատարմագրվել այն սիրուն, որը վերականգնելու, ոչ թե քայքայելու է ունակ»,- պարզաբանեց նա: Դերասանուհու խոսքով՝ սերը պետք է ոչ թե ոչնչացնող լինի, այլ վերականգնող ու առողջացնող: Եսասիրական սերն է քայքայիչ:
Ինչպիսին են տպավորությունները Հայաստանի մասին
«Ես արդեն հասցրել եմ լինել Փարաջանովի թանգարանում: Իհարկե, տպավորություններն աննկարագրելի են. կանաչ քաղաք, ջերմ մարդիկ, տղամարդկանց այրող հայացքներ, բույրեր՝ ծաղիկների ու ծառերի, նաև շատ համեղ սնունդի շատ վառ բույրեր… և միանգամից հասկանում ես՝ ինչ երկրում ես գտնվում»,- պատմեց Սվետլովան:
Թատրոնի տնօրեն Ալեքսեյ Չերեպնյովն էլ թիմի մի շարք այլ անդամների հետ մեկնել է Սևանա լիճ:
«Մեկնեցինք Սևան, եղանք Դիլիջանում, Երևանով քայլեցինք: Հիանալի քաղաք է, ջերմ մարդիկ»,- ասաց նա:
Ինչպես է հաջողվում աշխատել հայաստանյան թատրոնի հետ
Չերեպնյովի խոսքով՝ շատ հեշտ է աշխատել տեղի թատրոնի անձնակազմի հետ:
«Երևում է, որ մարդիկ լավ գիտեն իրենց գործը: Մեր կենտրոնացվածությունը միշտ եղել է Եվրոպայի կողմը, միգուցե սխալ էր անուշադրության մատնել ԱՊՀ երկրների հանդիսատեսին: Հատկապես, որ այստեղ՝ Հայաստանում, թատերական արվեստը մեծ պահանջարկ ունի, մարդիկ ջերմ են, հրաշալի:
Ես կարծում եմ, որ և՛ արտաքին ազդեցությունների, և՛ անհրաժեշտ ուշադրության արժանացնելու իմաստով դա այսուհետ կլինի նոր ուղղություն»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպիսի մշակույթային պատասխան է տալիս թատրոնն առկա մարտահրավերներին, նա պատասխանեց՝ թատրոնը տևական, շարունակական ճյուղ է: Այդ պրոցեսն առավոտյան հորինելու և երեկոյան հրապարակելու մասին չէ:
«Ժամանակի ընթացքում պատմությունն անպայման կարտացոլվի ներկայացումներում, կստեղծվեն գեղեցիկ գործեր ու անպայման կտրվեն ժամանակաշրջանի մշակույթային պատասխանները»,- ասաց Չերեպնյովը:
Ինչո՞ւ հենց «Մայրիկ» ներկայացումը
Չերեպնյովի խոսքով՝ լավ կլիներ բոլոր այցելած երկրներում ներկայացնել մի քանի ներկայացումներ, տարբեր թատրոններից՝ ցուցադրելով ժամանակակից արվեստի ողջ գունապնակը: Սակայն որոշվել է ամեն երկրում մեկ ներկայացում խաղալ, իսկ ցանկությունները թողնել հետագայում ի կատար ածելու համար:
«Սա իրականում ինտերնացիոնալ պատմություն է: Դա լոկ մեկ ազգի մասին չէ, թեև կարող է թվալ, թե միայն մեկ ազգի մտածելակերպի շուրջ է»,- ասաց Չերեպնյովը՝ հավելելով, որ Ֆլորիան Զելլերի համանուն պատմությունը պարզապես սրտամոտ է և որոշվել է այն կիսել հայ հանդիսատեսի հետ:
Արաքսյա Սնխչյան