Երեկ՝ հունիսի 14-ին, Մետաղաձուլական գործարանի տարածքում Հնդկաստանի երկու քաղաքացի բեկորային վնասվածքներ է ստացել: Նրանց վիճակը գնահատվում է կայուն: Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել է Երասխ և տեղում ծանոթացել իրավիճակին:
Photo: Armenia Today
Գործարանում 200 մարդ է աշխատում, սակայն աշխատանքը ժամանակավորապես դադարեցված է: «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանի խոսքով՝ պատկան մարմինների հետ որոշ տեխնիկական հարցեր ճշտելուց հետո գործարանի տարածքում աշխատանքները կվերականգնվեն:
«Պատճառը պարզ է՝ իրենք չեն ուզում, որ Հայաստանը տնտեսապես հզորանա: Իսկ մեր գործարանը բավական մեծ ներդրում կունենա Հայաստանի տնտեսության մեջ: Ամբողջական կառուցելուց հետո այն տարեկան մոտավոր 200-250 հազար տոննա արմատուրա է արտադրելու՝ սև մետաղից, որի հիմնական սպառողը Հայաստանն է լինելու: Որպես շուկա նախատեսում ենք նաև Մերձավոր Արևելքի երկրները»,- ասաց Հակոբյանը:
Նրա խոսքով մետղաձուլական գործարանն այստեղ կառուցելու գաղափարը պատահական չէ: «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության սեփականատերերն ամերիկյան ընկերություններ են, շահառուներից միայն մեկն է հայ՝ Գրիգոր Տեր Ղազարյանը, ում խորհրդով էլ ընկերությունը որոշեց գործարանը կառուցել հենց Երասխում:
«Մետաղաձուլարան կառուցող գործարանի աշխատողների ընդհանուր թիվը մոտ 200 է, որից մոտ 70-ը՝ Հնդկաստանի քաղաքացի: Քանի որ գործարանը տեխնոլոգիական է, որոշ հարցերում օգտվում ենք մեր հնդիկ գործընկերների գիտելիքներից»,- ասաց Հակոբյանը:
Երասխի բնակիչ Արմինեի խոսքով՝ երեկ կրակահերթը երկար է տևել, կենտրոնական հատվածի դրոշն ամբողջությամբ պատառոտվել էր: Երեկոյան են նորը տեղադրել:
Հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարն էլ ասում է, որ հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, իսկ իրենք շարունակում են իրենց ծառայությունն իրականացնել պետական սահմանի պահպանման գործում:
«Ձեզ հիմա կանգնեցրել ենք այնպիսի տեղում, որ հնարավոր լինի անվտանգությունն ապահովել, այստեղ պատ է։ 10 մետր այն կողմ, և արդեն հակառակորդի դիրքերից տեսանելի կլինենք»,- ասաց Բադասյանը:
Դիվանագիտական կորպուսի քառասուն ներկայացուցիչ նույնպես ժամանել է Երասխ: նրանք նայում են, ֆիքսում են կատարվածը, կրակահերթի հետևանքները։
Երբ աշխատակիցները փորձել են օգնություն ցուցաբերել վիրավորներին, ադրբեջանցիները տևական ժամանակ չեն դադարեցրել կրակը:
Գործարանի աշխատակիցներից և ոչ մեկը դուրս չի եկել աշխատանքից, այդպիսի մտադրություն էլ չկա: Այս պահի դրությամբ այն երկու հարյուր աշխատատեղ է ապահովում:
Չնայած, որ ագրեսիան պայմանավորված է գործարանի կառուցմամբ, այդուամենայնիվ Երասխի բնակիչներն ասում են, որ իրենք խուճապի չեն մատնվել, և ամեն կերպ կօժանդակեն գործարանի հետագա աշխատանքին:
Մանրամասները՝ ֆոտո և վիդեո ռեպորտաժում: