ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին ԱԺ֊ում հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության զինանշանը կապ չունի 1991 թվականին հիմնադրված Հայաստանի պետականության հետ:
ՀՀ վարչապետը նաև առաջարկել է փոխել օրհներգի վերջին տողերը, որպեսզի այն չավարտվի զոհվելու տեսարանով: Փաշինյանը, մասնավորապես, առաջարկել է օրհներգն ավարտել հետևյալ տողերով.
Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»,- ասել է ՀՀ վարչապետը՝ ըստ էության առաջարկելով հանել օրհներգի վերջին պարբերությունը կամ տեղափոխել քառատողերը։
Armenia Today-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ խնդրելով գնահատել այս հայտարարությունները։
Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասը բացասականան գնահատեց վերոհիշյալ հայտարարությունը, քաղաքացիներից ոմանք ընդհանրապես չցանկացան անդրադառնալ այս հայտարարություններին, ոմանք էլ չէին հավանում մեր օրհներգի վերջին քառատողը և զինանշանի ինչ-որ պատկերների հետ համաձայն չէին:
Քաղաքացիներից մեկի խոսքով՝ զինանշանը կապված է մեր պետականության հետ. «Ես այդ հայտարարության հետ համաձայն չեմ, լավ էլ կապված է, այլ բաներ չեմ կարող ասել»,-նշեց նա:
Հարցվածներից մի քաղաքացի էլ ընդգծեց, որ ինչ գալիս է հնուց, ուրեմն լավ է. «Ամոթ չի՞ բա էդպես բաներ ասել, ուզում է վերացնել հայկական պետականության ամեն ինչը, ամոթ իրեն, ինչ որ եկել է հնուց, թող մնա, թող իրենից բաներ չհանի, չհորինի»,-ասաց նա:
Կային քաղաքացիներ, որոնք տարաձայնություններ էին տեսնում զինանշանի պատկերների մեջ. «Զինանշանի պահով ես տարաձայնություններ ունեմ, որովհետև այստեղ շատ շղթայված է ամեն ինչ, պետք է շղթաները հանված լինեն, ինձ թվում է՝ դա խանգարում է մեր պետության ազատությանը: Ես չեմ կրկնում Փաշինյանի ասածը, բայց ճիշտն այն է, որ ամեն ինչ լացով է, ողբով, արդեն պետք է ապրել, ոչ թե մեռնել»,- եզրափակեց քաղաքացին:
Հարցված քաղաքացիներից մեկին էլ մեր օրհներգը դեռ սկզբից դուր չի եկել. «Հիմնը չեմ հավանում, առաջին օրվանից չեմ հավանել , Արամ Խաչատրյանից լավը չկա»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: