Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու սահմանադրական մեխանիզմների ու իրավական փաստաթղթերի մասին Armenia Today-ը խոսել է սահմանադրագետ, քաղաքագետ վարդան Պողոսյանի հետ։
-Ի՞նչ իրավական փաստաթղթեր և դրույթներ կան, որոնք արգելում են Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը։
-ՀՀ սահմանադրության նախաբանը հղում է անում Հայաստանի Անկախության հռչակագրին։ Այն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին և այդ փաստաթղթի ընդունման հիմք է հանդիսանում 1990 թվականին ՀՀ և Արցախի խորհդարանի համատեղ որոշումը։ Այդ փաստաթղթում միանշանակ ամրագրված է հայ ժողովրդի երկու իրարից բաժանված մասերի վերամիավորման ձգտումը։ ՀՀ Անկախության հռչակագիրը Հայաստանի այսօրվա երրորդ հանրապետության հիմնասյունն է, հիմնաքարը։ ՀՀ սահմանադրությունը սկսվում է հենց այդ բառերով, որ «Մենք՝ հայ ժողովուրդը, հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագրում հաստատագրված պետականության հիմնական սկզբունքները և համազգային նպատակները, ընդունում ենք սույն սահամանադրությունը․․․»։ Այսինքն, ՀՀ սահմանադրության նախաբանը հստակ ելնում է նրանից, որ բացի ՀՀ-ից կա հայ ժողովրդի մի հատված, որը բաժանված է, և ՀՀ-ն պարտավորություն ունի այդ բաժանված հատվածի նկատմամբ։ Դա է այն հիմնական իրավական փաստաթուղթը, որով Հայաստանը հանձնառու է Արցախի նկատմամբ։ Այն կոնկրետացվել է արդեն 1992 թվականի հուլիսի 8-ի Գերագույն խորհրդի համապատասխան որոշման մեջ, որն արգելում է, որպեսզի հայ ժողովուրդը որևէ ձևով ճանաչի Արցախի պատկանելությունն այլ պետության։
-Որքանո՞վ են նրանք իրականում սահմանափակում Հայաստանի վարչապետի՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունները, կարո՞ղ են իշխանությունները շրջանցել այդ փաստաթղթերը։
-Ո՛չ, չեն կարող շրջանցել, քանի որ ՀՀ սահմանադրությունը կաշկանդում է հանրային իշխանություններին առաջին հերթին և նրանք պարտավոր են առաջնորդվել Սահմանադրությամբ։ Արցախի նկատմամբ Հայաստանի հանձնառությունը բխում է ուղղակիորեն Սահմանադրությունից։ Այսինքն, եթե ՀՀ հանրային իշխանությունը ցանկանում է ձերբազատվել Արցախից, ապա նախ պետք է փոխի ՀՀ Սահմանադրությունը և ստեղծի նոր հանրապետություն։
ՀՀ սահմանադրությունը փոփոխման ենթակա չէ, այն չի կարող փոփոխել Ազգային ժողովը, դա կարող է լինել միայն հանրաքվեի միջոցով, իսկ դա նշանակում է, որ պետք է ստեղծվի նոր հանրապետություն՝ չորրորդ հանրապետություն, որն արդեն իրավաբանորեն ազատ կլինի որոշել, թե Արցախի նկատմամբ ինչ քաղաքականություն իրականացնել։ Դա է միակ հնարավոր իրավական ճանապարհը։ Բայց այսօրվա ՀՀ իշխանությունները, որոնք վաղուց իրենց դրել են սահմանադրական դաշտից դուրս, արհամարհում են Սահմանադրության այդ դրույթը և ելնում են նրանից, որ խաղաղության դարաշրջան բացելու համար անհրաժեշտ է զոհաբերել Արցախը, որպեսզի փրկենք ՀՀ-ն։
-Ինչպիսի՞ն կարող է լինել խաղաղության պայմանագրի ստորագրման ու հաստատման կարգը, մասնավորապես՝ այն կվավերացվի խորհրդարանի՞ կողմից, կհաստատվի հանրաքվեո՞վ, թե՞ բավարար է միայն վարչապետի ստորագրությունը։
-Վարչապետի ստորագրությունը բավարար չէ, նա իրավունք ունի ստորագրել միջազգային պայմանագիր, դա իրավունքի ուժով ունեն նաև ՀՀ նախագահն ու ԱԳ նախարարը։ Բայց այդ փաստաթուղթը բավարար չէ, որ այն իրավական ուժ ձեռք բերի։ Իրավական ուժ ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որպեզսի ՀՀ-ի կողմից այդ փաստաթղթով ստանձնված պարտավորությունները հաստատվեն ՍԴ կողմից որպես ՀՀ սահմանադրույանը համապատասխանող դրույթներ։ Միայն դրանից հետո այն կարող է ուղարկվել ԱԺ, և ԱԺ-ն պետք է վավերացնի այդ փաստաթուղթը՝ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։ Այդ պարագայում արդեն խաղաղության կնքված պայմանագիրը կդիտվի որպես փաստաթուղթ, որը պարտավորություններ է ստեղծում ՀՀ-ի համար։
Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա այն կախված է այդ պայմանագրի դրույթների բնույթից։ Եթե պայմանագրում լինեն դրույթներ առ այն, որ այսպես կոչված նախկին խորհրդային անկլավները, թեկուզ մեկը կամ բոլորը, որը փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը ապա այդ պարագայում առաջ են գալիս լրացուցիչ իրավական պահանջներ, որոնք ամրագրված են ՀՀ սահմանադրությամբ, որի 205 հոդվածի համաձայն նույնպես ցանկացած տարածքային փոփոխության համար անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե, այսինքն ՀՀ տարածքային փոփոխությանը համաձայնություն տվող միակ սուբյեկտը ՀՀ ժողովուրդն է։
-Ավելի վաղ մի շարք ընդդիմադիր գործիչներ հայտարարել էին Արցախի ինքնորոշման իրավունքի ժխտման քրեականացման վերաբերյալ հանրաքվե նախաձեռնելու մասին։ Խնդրում ենք գնահատել այս նախաձեռնությունը:
«Հայաքվե»-ի ընթացակարգը դանդաղ է ժամկետների առումով, այլ կերպ լինել էլ չի կարող, որովհետև ընթացակարգը բավականին բարդ է։ Սկզբից նախատեսում է 50 000 ստորագրություն այդ նախագծի օգտին, ապա քննարկում ԱԺ-ում, ընդ որում ՝ ԱԺ-ում կարող է բավականին երկար տևել ու օրակարգ մտնելու պրոցեդուրան նույնպես կարող է բավականին երկար տևել։ Մերժումից հետո նախատեսվում է 60 օրվա ժամանակահատված, որի ընթացքում պետք է ևս 300 000 ՀՀ քաղաքացի միանա նախաձեռնությանը։ ՍԴ-ն պետք է այդ գործընթացին մասնակցի, հավաստի, որ ներկայացված օրինագիծը համապատասխանում է սահմանադրությանը։ ՍԴ օրենքի համաձայն՝ ՍԴ-ն ունի երեք ամսվա ժամկետ։ Դա իր հերթին կարող է 3 ամսով էլ երկարացվել։
Բայց ես ինքս կողմ եմ այդ նախաձեռնությանը, կարծում եմ, որ դա ճիշտ նախաձեռնություն է։ Ամեն դեպքում, Արցախի և Հայաստանի ճակատագրով մտահոգված մարդիկ պետք է ակտիվություն ցուցաբերեն, որն էլ քաղաքական և իրավական հետևանքներ կարող է առաջացնել։
-Ընդհանրապես, ըստ Ձեզ, ի՞նչ իրավական մեխանիզմներ ունի ընդդիմությունը, որը կարող է խանգարել Հայաստանի իշխանություններին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համաձայնագրի ստորագրմանը։
-ՀՀ Սահանադրությունը բազմաթիվ քաղաքական ազատություններ է տալիս ՀՀ քաղաքացիներին՝ լինի հավաքների, հանրաքվեի, կարծիքն արտահայտելու, թե ընտրությունների ձևով։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացին պետք է հասկանա ստեղծված պահի լրջությունը և իր բազմազան հնարավորություններից օգտվի։ Եվ քանի որ մեր սահմանադրական կարգն առնվազն 2020 թվականից խարխլված է, և իշխանություններն օրենք, սահմանադրություն այլևս հաշվի չեն առնում, կարող է առաջանալ մի այնպիսի իրավիճակ, երբ քաղաքացին ինքն ունենա քաղաքացիական անհնազանդություն։ Այսինքն քաղաքացիները պետք է հասկանան, որ երբ իրավական միջոցներն այլևս երկրում չեն գործում, ինքն ազատ է ազատվելու նման իշխանություններից։ Ժողովուրդն իր կարծիքը պետք է արտահայտի քաղաքացիական անհնազանդության տեսքով։
Արաքսյա Սնխչյան