Սյունիքի մարզի սահմանամերձ Կաղնուտ համայնքը մարզկենտրոնից հեռու է մոտ երեսուն կիլոմետր, իսկ այնտեղ հասնելու ճանապարհը՝ բարդ: Տեղացիները կատակում են, թե ադրբեջանցիները չեն կարողանա հասնել: Չնայած դրան՝ գյուղապետը մեզ վստահեցնում է, որ համայնքը մյուս տարի նորոգված ճանապարհ կունենա:
«Երևի մինչև 2023-2024 թվականի ավարտ կկարգավորվի, խոստացել են»,- ասաց Կաղնուտ համայնքի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը:
Գյուղը չունի խմելու ու ոռոգման ջուր: Գյուղապետն ասում է, որ խմելու ջրի կարգավորման աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են: Կաղնուտի բնակիչ, ինչպես ներկայացնում են նրան՝ կոլխոզի նախկին նախագահ Գրիշա Թամրազյանը խորհրդային տարիներն է հիշում: Նրա խոսքով՝ «գոնե իրենց անտեր չէին զգում»:
«Այն ժամանակ տեր է եղել, հարյուր լիտր կաթի համար, ինչքան էլ ձյուն լիներ, զանգում էինք, ինքնաթիռով կգային, հիմա հարյուր մարդ մահանա, ճանապարհը բացող չկա: Այդ ճանապարհով եկել եք, դա ճանապա՞րհ էր: Վարչապետը մեր գյուղի տեղը եթե իմանա, մենք շատ գոհ կլինենք, ոչ թե կասենք, թե ինչի չի եկել»,- ասաց Գրիշա Թամրազյանը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շնորհիվ գյուղում մելորացիայի ծրագիր է իրականացվել, վերականգնվել է տասը հեկտար հողատարածք: Այս տարի ցորենի բերքի են սպասում: Կարմիր խաչն օգնել է նաև գյուղատնտեսական տեխնիկայի հարցում, անիվներն են փոխել:
«Կաղնուտ գյուղում իրականացրել ենք միկրոտնտեսական նախաձեռնությունների ծրագիր: Դրանով բնակիչներին հնարավորություն ենք տալիս փոքր ծրագրեր իրականացնել՝ զարգացնել իրենց ձեռնարկատիրությունը կամ ստեղծել նորը: Այդ ծրագրի շրջանակում այս գյուղից ընտրվել է չորս տնային տնտեսություն»,- ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնտեսական անվտանգության թիմի անդամ Հարութ Հարությունյանը:
Կաղնուտի բնակիչ Սպարտակ Ասատրյանը երկար տարիներ զբաղվում է մեղվաբուծությամբ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նրան նոր փեթակներ է հատկացրել, քանի որ նախորդ տարի փեթակների պատճառով մեղուները հիվանդացել ու սատկել էին:
«Մեղուն մարդկանց սարքում է բարի: Հիմա նոր փեթակներ ունենք, արդեն ավելի հեշտ կլինի: Մեղուները կարծես թե նոր տուն տեղափոխված լինեն»,- ասաց Սպարտակ Ասատրյանը:
67 ամյա Սեյրան Կարապետյանն էլ գյուղի միակ զոդողն է: Համագյուղացիներին օգնում է ինչով կարող է, հատկապես բերքի ակտիվ շրջանում տեխնիկան է նորոգում, փոխարենը՝ նրանք էլ իր հողն են մշակում: Երկար տարիներ աշխատել է պղնձամոլիբդենային կոմբինատում, թոշակի անցնելուց հետո հաստատվել է գյուղում, սակայն զոդման անհրաժեշտ սարքը չուներ:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աջակցել է, որ սարքը ձեռք բերեմ: Դրանով գյուղի անհրաժեշտ գործերն եմ անում»,- ասաց բնակիչը:
Գյուղում 120 մարդ է գրանցված, բայց մշտական բնակիչներն ընդամենը 40-ն են: Կես կատակ կես լուրջ ասում են՝ ընտրություններին մասնակցում են բոլոր 120-ը: Արտագաղթի հիմնական պատճառն աշխատանքի բացակայությունն է, ասում են՝ օր մթնեցնելով են ապրում: Զբաղվածության հարցի լուծումը փոքր ինչ հարթել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ դրամաշնորհային ծրագրերով:
Մանրամասները՝ տեսանյութում: