Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան նախկին խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովն Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել է իր նկատմամբ Հայաստան մուտք գործելու արգելքը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մեծ նվեր» է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Ինչպիսի մեծ նվեր Փաշինյանի կողմից Ադրբեջանին և Էրդողանին՝ իմ անունով․․․։ Չէ՞ որ ինձ արգելված էր մուտք գործել Ադրբեջան դեռ խորհրդային տարիներին»,- ընդգծել է Կրիվոպուսկովը։
Նա պատմել է, որ «Ապստամբ Ղարաբաղ. ԽՍՀՄ ՆԳՆ սպայի օրագրից» գիրքը հրապարակելուց հետո իրեն դեռ խորհրդային տարիներից արգելված է մուտք գործել Ադրբեջան։
««Ապստամբ Ղարաբաղ. ԽՍՀՄ ՆԳՆ սպայի օրագրից» գիրքը հիմնված է արխիվային փաստաթղթերի վրա։ Գրքի լույս տեսնելուց հետո ադրբեջանցիներն այդպես էլ չկարողացան փաստարկներ ներկայացնել այն մասին, թե ինչ-որ բան աղավաղել եմ կամ ինչ-որ բան այնպես չի եղել։ Այսօր գիրքը հանրագիտարանային աղբյուր է դարձել, և դրա դեմ Ադրբեջանի ղեկավարությունը որևէ առարկություն չունի, քանի որ բոլոր փաստերը գտնվում են ՆԳՆ փաստաթղթերում։ Ադրբեջանը հայամետ լինելու համար ցեխ է շպրտել ինձ վրա։ Հիմա նրանք ուրախանում են, որ հայերն իրենց նվիրել են ևս մեկ հասարակական-քաղաքական գործչի, որի վրա այժմ ցեխ են շպրտում հենց Հայաստանից»,- հավելել է նա։
Կրիվոպուսկովը խոստովանել է, որ ցնցված է իր նկատմամբ վերաբերմունքից և իրեն անվանել է հասարակական գործիչ, որն «իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը»:
«Իհարկե, ես ցնցված եմ այս վերաբերմունքից։ Դեռևս 90-ականներին Ղարաբաղում ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ շտաբի պետ լինելով՝ ես բացահայտ հայամետ դիրքորոշում էի որդեգրել, իսկ հետագայում էլ գրեթե 20 տարի շարունակ Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխգործակցության կոնկրետ ուղղություններ եմ մշակել։ Երբ ես 2009-1013 թվականներին եղել եմ ՌԴ դեսպանատան խորհրդական, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար, ընդհանրապես առանձնահատուկ միջոցառումներ և փոխգործակցություն եմ անցկացրել։ Այս ամենն այսօր, պարզվում է, վնասակար է հայ ժողովրդի համար»,- ասել է հասարակական-քաղաքական գործիչը։
Նա մանրամասներ է հայտնել սահմանին տեղի ունեցած միջադեպից։
«Սահմանային անցակետն անցնելիս ինձնից վերցրել են ռուսական անձնագիրն ու տարել ինչ-որ սենյակ, որտեղ առանց որևէ բացատրության 4 ժամ եմ անցկացրել։ Ասացին, որ պարզում են, հետո ասացին, որ կառավարության ցուցումով իմ անձն անցանկալի է հայ ժողովրդի համար։ Ես սահմանապահների և սպաների նկատմամբ ոչ մի բողոք չունեմ, քանի որ նրանք իրավունք չունեն ինքնուրույն լուծել այդ հարցերը»,- պարզաբանել է Կրիվոպուսկովը։
Հասարակական-քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ, սակայն, Կրիվոպուսկովի խոսքով, այդպես էլ պատասխան չի ստացել։
«Եվ դեռ այդ ժամանակ սկսեցի կասկածներ ունենալ, թեպետ մենք ճանաչում ենք միմյանց։ Ղարաբաղի նկատմամբ վերաբերմունքը հաշվի առնելով՝ հիմա կարելի է խոսել լիակատար դավաճանության մասին։ Ես ոչ միայն Ղարաբաղի հայերի, այլև Ռուսաստանի և ռուսական կայսրության, Խորհրդային Միության և ներկայիս Արցախի Հանրապետության շահերի իսկական պաշտպանն եմ: Ստացվում է, որ այդ դիրքորոշումը վնասակար է Հայաստանի ներկայիս ղեկավարության համար։ Հայաստանը հրաժարվել է պաշտպանել Ղարաբաղի հայերի շահերը։ Հաշվի առնելով Լաչինի միջանցքի շրջափակմանն ուղղված Ադրբեջանի այս աննախադեպ քայլը և հումանիտար աղետի ստեղծումը, փաստացի, արդեն քայլեր են նախաձեռնվում Արցախի հայերի ցեղասպանության ուղղությամբ»,- հստակեցրել է նա։
Կրիվոպուսկովը հայտարարել է, որ կտրականապես համաձայն չէ նաև ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության վարած քաղաքականության հետ։
«Մենք պաշտպանում ենք այն ժողովուրդների շահերն ու իղձերը, որոնք կրել և կրում են կորուստներ, բայց որտե՞ղ է 2020 թվականի պատերազմում Ղարաբաղի հայերի շահերի պաշտպանությունը։ Այս առիթով ես ավելի քան 15 հոդված եմ գրել, որոնք հրապարակվել են առաջատար հրատարակություններում: Սա ոչ միայն իմ անձնական, այլ նաև որոշ չափով ռուսաստանցիների հասարակական կարծիքն է։ Մեզ համար միևնույն չէ, քանի որ 1801-1813 թվականներին Ղարաբաղի ազատագրմանը մասնակցել է 30 հազար ռուս զինվոր և սպա։ Նրանք Ղարաբաղի հայերին պարսիկներից ազատագրելու ամար իրենց կյանքը դրեցին զոհասեղանին: Իսկ այսօր մենք դա դավաճանում ենք։ Կարծում եմ՝ սա իրապես բխում է Ադրբեջանի կողմից անեքսիայի, միջազգային նորմերի և համաձայնագրերի բոլոր իրավունքների խախտման շահերից։ Մենք այսօր նախադրյալներ ենք ստեղծում, որպեսզի Ադրբեջանը վերացնի Ղարաբաղի հայերին՝ մաքրելով ինչպես Էրդողանի, այնպես էլ ՆԱՏՕ-ի ճանապարհը դեպի Իրան և Ռուսաստան»,- ընդգծել է նա։
Կրիվոպուսկովը պատմել է, որ Հայաստան է ժամանել բարեկամության և համագործակցության նորաստեղծ հայ-ռուսական ընկերության շնորհանդեսին մասնակցելու համար, որի շնորհանդեսը պետք է տեղի ունենա օգոստոսի 29-ին։
«Ես հիմա մեկնման սրահում եմ, ռուսական անձնագիր չունեմ, քանի որ վերցրել են։ Ես 4 ժամ նստել եմ սահմանապահների սենյակում, իսկ հիմա ինձ բարձրացրել են մեկնման սրահ և որոշում են ինձ Ռուսաստան ուղարկելու հարցը։ Որոշում են, թե ինչ չվերթով են ինձ ուղարկելու։ Ես օգոստոսի 30-ի վերադարձի տոմս ունեմ»,- պարզաբանել է նա։
Հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է վիճարկել Հայաստան մուտքի արգելքի որոշումը, նա պատասխանել է․ «Ինչպե՞ս պետք է վիճարկեմ Հայաստանի իշխանությունների որոշումը, եթե անցանկալի եմ։ Ես ի՞նչ պետք է ներկայացնեմ դատարան: Չէ որ նման բաները չեն վիճարկվում»,- նշել է նա։
Կրիվոպուսկովը հայտնել է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ-ն անմիջապես տեղեկացվել են իր հետ կատարվածի մասին:
«Իհարկե, կցանկանայի այժմ հուսալ, որ մեր ԱԳՆ-ն ակտիվ կարձագանքի և կաջակցի ինձ։ Ուզում եմ հուսալ, որ նման բաները չպետք է աննկատ մնան»,- եզրափակել է նա։
Օգոստոսի 24-ին Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին արգելել են մուտք գործել Հայաստան։
2023-ի մարտի 7-ին հայտնի էր դարձել, որ ռուս լրագրող, «Նյուզ մեդիա» ընկերության ղեկավար Արամ Գաբրելյանովի մուտքը Հայաստան արգելվել է։ 2022-ի հոկտեմբերին Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան ևս արգելվել է։ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նախորդ տարվա հոկտեմբերին հայտարարել էր, որ իրեն նույնպես արգելել են մուտք գործել Հայաստան։