Armenia Today-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ:
– Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Նախկինում նման զորավարժությունները նախորդում էին Բաքվի կողմից Հայաստանի ու Արցախի դեմ ագրեսիվ գործողություններին։ Որքանո՞վ եք հավանական համարում ՀՀ-ի դեմ էսկալացիան այս զորավարժություններից հետո։
– Այն հիմնական նպատակները, որոնք դրված են այս զորավարժությունների գոնե երևացող հատվածում, նպատակ ունեն առավել սինխրոնացնել և լուծել կառավարման հետ կապված հարցերն Ադրբեջանի և Թուրքիայի բանակների համար։ Ըստ էության, կարելի է ասել, որ նվազագույնը 44-օրյա պատերազմի և դրանից հետո տեղի ունեցած տարբեր օպերացիաների ժամանակ թուրք-ադրբեջանական համագործակցությունն աշխատել է ոչ միայն օպերատիվ կամ կառավարման հարցերում, այլ ընդհուպ թուրքական զորքերի մասնակցության առումով՝ տարբեր ռազմական գործողությունների, այդ թվում նաև Արցախում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած վերջին մասշտաբային գործողությունների ժամանակ։ Թուրքիան և Ադրբեջանը հատկապես 44-օրյա պատերազմից հետո իրենց ԶՈւ պլանավորումը կառուցելիս հիմքում դրել են համագործակցությունը և ուժերի սինխրոնությունը։ Այս տեսանկյունից արդեն իսկ հանգամանքը վտանգավոր է։
Ինչ վերաբերում է զորավարժության մասշտաբային կամ թեկուզ տեղային մակարդակով գործողությունների վերաճելուն, ապա, բնականաբար, այս տեսանկյունից որևէ բան չենք կարող բացառել։ Չենք կարող ասել, որ նմանատիպ բոլոր զորավարժությունները բերում են մարտական գործողությունների, դա, բնականաբար, այդպես չէ։ Բայց հանգամանքը, որ դա տեղի է ունենում Նախիջևանում, որին սահմանակից է Տիգրանաշենը, իսկ դա այն գյուղերից մեկն է, որը ՀՀ իշխանությունը համարում է ադրբեջանական, որոշակի լեգիտիմություն է հաղորդել ադրբեջանական գործողություններին։ Մյուս կողմից, բնականաբար, Արցախի օկուպացված հատվածում գործողությունները նպատակ ունեն նաև տեղանքի որոշակի զննության, առանձնահատկություններին ծանոթանալուն, իսկ այս փուլում դա բերելու է Հայաստանի շուրջ իրավիճակի սրմանը, որովհետև ադրբեջանական զորքերի՝ տեղանքում ճշգրիտ գործելու և կողմնորոշվելու հատկությունը, բնականաբար, վտանգավոր է։ Այնպես որ, ո՛ր տեսանկյունից էլ նայում ենք՝ իհարկե դրանք իրենց մեջ ռիսկեր պարունակում են՝ և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ։
– Ինչ առանձնահատկություն ունեն այս զորավարժությունները, ինչո՞վ են նրանք տարբերվում նախկինում անցկացված այլ նմանատիպ զորավարժություններից։
– Այն տեղեկությունները, որոնք այս պահին հայտնի են պաշտոնական հաղորդագրություններով, այն են, որ մեծ ուշադրություն է դարձվելու հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմանը և դրա մարտավարությանը, և պետք է հիմնված լինի երկու երկրների ԶՈւ տարբեր ստորաբաժանումների ներդաշնակ գործելուն։ Նաև հայտնի է, որ մասնակցելու է օդուժը, որը ոչ միայն կարող է վերաբերել ուղղաթիռներին, դրա միջոցով դեսանտի իջեցմանը, այլ, առհասարակ, ռազմական ինքնաթիռներին, նաև՝ ԱԹՍ-ներին։ Հատկապես ժամանակակից աշխարհում հատուկ նշանակության ստորաբաժանումները սինխրոն աշխատում են ԱԹՍ-ների հետ՝ հետախուզում իրականացնելու, որոշ դեպքերում նաև հարվածներ հասցնելու տեսանկյունից։ Շատ այլ կոմպոնենտներ կբացվեն, այդ թվում նաև քաղաքական տեսանկյունից, երբ որոշակի ամփոփումներ լինեն։
– Խնդրում եմ մեկնաբանել՝ ի՞նչ փուլում են այժմ գտնվում բանակցությունները Երևանի և Բաքվի միջև, հաշվի առնելով այսօր Իրանում անցկացվող 3+3 ձևաչափով հանդիպումը, որին մասնակցելու է ՀՀ ԱԳ նախարարը։ Ի՞նչ անհարժեշտ քայլեր են հարկավոր ՀՀ իշխանությունների կողմից իրավիճակն առավել նպաստավոր դարձնելու համար:
– ՀՀ այս իշխանությունը ցույց է տվել, որ ինքը կենսունակ չէ ինչպես անվտանգություն ապահովելու, այնպես էլ արտաքին խաղացողների հետ երկկողմ կամ բազմակողմ ֆորմատով աշխատելու, համագործակցելու տեսանկյունից։ Այս իշխանության և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության գիծը հայկական շահը չի սպասարկել, դա այս հինգ տարվա աշխատանքն է ցույց տվել։ Ապացույցն Արցախի հանձնումն է, ՀՀ ինքնիշխան տարածքների նկատամամբ ադրբեջանական վերահսկողությունն է և այլն։ Այնպես որ, այս նոր ֆորմատով որևէ սպասելիք չկա։
ՀՀ այս իշխանության պարագայում անհրաժեշտության մասին խոսելիս կա մեկ հարց․ անհրաժեշտությունը միայն նրանց հեռանալն է, սա չեմ ասում որպես անընդհատ կրկնվող, բարձրաձայնվող հանգամանք, սակայն եթե փորձում ենք իշխանությանը տեսնել տարբեր պրոցեսներում արդյունավետություն դրսևորելու տեսանկյունից, ապա դա պարզապես չի կարող տեղի ունենալ։ Այս հինգ ու կես տարիների ընթացքում նա արդեն իսկ ցույց է տվել, որ ո՛չ կամք ունի, ո՛չ դրանք իրականացնելու ցանկություն։
– Հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ մի խումբ ցուցարարներ տեղահանվելուց հետո առաջին անգամ հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու Արցախի նախագահին: Ձեզ բավարարե՞լ են նախագահի տված պատասխանները։
– Իրավիճակը հասկանալու համար պետք է նայել, թե ովքեր էին և ինչ սպասումներ կամ պահանջներ ունեին։ Ես ինքս այնտեղ հավաքված մարդկանց երեք հիմնական խմբերի եմ բաժանում։
Ամենաագրեսիվն այն փոքր խումբն էր, որն ուղղորդվում էր Սամվել Բաբայան-ՀՀ իշխանություններ տանդեմի կողմից։ Նրանց պահանջների հիմքում ոչ թե արդարացի ինչ-որ պատասխաններ ստանալն էր, այլև ստեղծել այնպիսի իրավիճակ, ինչպիսին մենք տեսանք՝ խժդժություններ, ներկայացուցչության գրավում և այլն։
Երկրորդ խմբում մարդիկ էին, որոնք չունեին որևէ քաղաքական պահանջ, նրանք այն մարդիկ էին, ովքեր համարում էին, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն իր պաշտոնավարման ընթացքում բավականին մեծ ֆինանսական մեքենայությունների է գնացել, հարստացրել իր թիմակիցներին, մերձավորներին, և նրանք իրենց պահանջները ձևակերպում են դրա շրջանակներում։
Եվ երրորդ խումբն այն մարդիկ էին, որոնք ունեին որոշակի սոցիալական խնդիրներ, ովքեր բռնի տեղահանվել են, ունեն օբյեկտիվ պահանջներ և նրանք ավելի հստակ ուզում էին հասկանալ, թե ում ուղղել իրենց պահանջները։
Որքան ես եմ հասկանում՝ ՀՀ կառավարությունն Արցախի իշխանություններին պատասխանել է, որ բոլոր թեմաներով զբաղվում է ՀՀ կառավարության ձևավորած Հումանիտար կենտրոնը։ Եվ սկսած ֆինանսական հատկացումներից մինչև որոշումների կայացում դրանք գտնվում են ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակներում։ Այս պայմաններում Արցախի իշխանություններն այդ մասով չեմ կարծում, թե մեծ անելիք ունեն։ Միգուցե որպես խնդիրների ձևակերպում և ներկայացում կարելի է սա դիտարկել, բայց պատասխանատվությունների տեսանկյունից նրանք չունեն այն, ինչ ՀՀ կառավարությունը։ Կան որոշակի պահանջներ, որտեղ կարելի է հասկանալ մարդկանց, որովհետև իրենք չգիտեն ով է իրենց խնդիրների հասցեատերը։ Բայց Արցախի իշխանությունների խնդիրը պետք է դառնա հստակ բացատրել՝ ինչ է տեղի ունեցել, այսօր ինչ է տեղի ունենում և ձևակերպված պահանջներն ում լիազորությունների տիրույթում են։
– Հաշվի առնելով Արցախի օպերատիվ շտաբի փակումը, որը, ըստ որոշ տեղեկությունների, սպառնում է նաև ՀՀ-ում նրանց ներկայացուցչությանը, Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի հետագայում արցախահայերի ներկայացվածությունը և կազմակերմպան ձևը Հայաստանում։ Մասնավորապես ինչպե՞ս եք գնահատում առաջարկությունները ՀՀ-ում Արցախի վտարանդի կառավարություն ձևավորելու մասին։
– Արցախի օպերատիվ շտաբն արդյունավետություն այլևս չէր էլ կարող ապահովել։ Այն ի սկզբանե ստեղծվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ և ուղղված էր 30 000-ից ավելի Հայաստան տեղափոխված մարդկանց հարցերը լուծելուն։ Ինչ վերաբերում է Արցախին, նրա ներկայացուցչությանը, ապա մեկ բան է, թե ինչ ենք տեսնում մենք՝ որպես քաղաքական ուժ, ԶԼՄ, հասարակություն, մեկ այլ բան է, թե ինչ է ուզում ձևակերպել Արցախը և այս պահին պատասխանատվություն ունեցող անձինք։
Ես աշխատում եմ այս թեմայով այդքան երկար չխոսել։ Արցախն ի՛նքը պետք է ձևակերպի, թե ինչ է ցանկանում անել, իսկ մեր խնդիրը պետք է դառնա այդ որոշման աջակցությունը։ Արցախի հարցը փակված չէ և հիմնական տրամաբանությունը պետք է կառուցել դրա հիման վրա։
– Շնորհակալություն։
Հարցազրույցը վարեց Արաքսյա Սնխչյանը