Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Armenia Today-ին պատմել է մարզում ջրհեղեղի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: Ղազարյանի խոսքով՝ ներկայումս մարզի իշխանությունները գույքագրման, վնասների ճշտման և վերականգնողական աշխատանքներ են իրականացնում հեղեղից տուժած երեք բնակավայրում։
«Այս պահին իրականացվում են գույքագրման, վնասների ճշգրտման աշխատանքներ։ Մաքրման աշխատանքներ են կատարվում Ալավերդու Սանահին փողոցում և Թումանյան թաղամասում։ Կամավորների հետ համատեղ աղբահանության գործում օգնում ենք տնտեսավարողներին»,- ասել է Ղազարյանը։
Նրա խոսքով՝ դեպի այդ բնակավայրեր տանող հիմնական ճանապարհը կամուրջի փլուզման հետևանքով հնարավոր չէ շահագործել, բայց ամենագնացներով օգտվում են այլ, ոչ բարեկարգ ճանապարհներից։
«Կան դաշտամիջյան դժվարանցանելի ճանապարհներ, որտեղ Ճանապարհային դեպարտամենտի կողմից այս պահին ուղղման, խճապատման աշխատանքներ են իրականացվում։ Դա ծավալուն աշխատանք է, ներկա պահին աշխատանքներն ամբողջովին ավարտված չեն, բայց կան բեռնատար մեքենաներ և ամենագնացներ, որոնք թեև դժվարությամբ, բայց կարողանում են հասնել»,- ընդգծել է մարզպետը։
Ղազարյանը տեղեկացրել է, որ կառավարության կողմից Լոռու մարզին հատկացվել է 200 մլն դրամ՝ առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու համար։
«200 մլն դրամ է հատկացվել, բայց անհրաժեշտության դեպքում կառավարությունը խոստացել է հատկացնել լրացուցիչ օգնություն»,- նշել է նա։
Մարզպետը մարզին հասցված վնասի մոտավոր չափ չի նշել՝ ասելով՝ «ահռելի վնաս է պատճառվել»։ Նա շեշտել է, որ բնակավայրերն ամբողջովին արգելափակված չեն, դժվարությամբ, բայց հնարավոր է նշված բնակավայրեր հասնել՝ այդ թվում ՊՆ ավոտմեքենաներով։ Նա այսպես է մեկնաբանել ավելի քան 5000 բնակչի՝ մեկուսացման մեջ գտնվելու մասին լուրը։
«ՊՆ-ի մեր գործընկերների միջոցով 2 մեքենա է ուղարկվել, որպեսզի խմելու ջրի խնդիրը լուծենք, դեռևս չեն հասել նշված բնակավայրեր, բայց ընթացքի մեջ են»,- տեղեկացրել է Ղազարյանը։
Խոսելով բնակիչների կարիքների մասին՝ նա նշել է, որ դրանք յուրաքանչյուր րոպե ավելանում են․ «Կարիքների գնահատումը փոփոխական է, ստույգ թիվ չեմ կարող հիմա հրապարակել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազգաբնակչության մի մասն ինքնուրույն է տարհանվել և ներկա պահին գտնվում է բարեկամների կամ հարազատների տներում։ Խորհրդակցության ժամանակ տրվել են հանձնարարականներ, որպեսզի նախաձեռնությունը վերցնենք և կապ հաստատենք բնակիչների հետ՝ կարիքները հասկանալու համար»:
Նա ավելացրել է, որ բնակավայրերի ղեկավարները տեղում կարիքների գնահատում են իրականացնում և փորձում են բոլոր խնդիրներին րոպե առաջ լուծում տալ։
Անդրադառնալով գազամատակարարման և էլեկտրամատակարարման խնդիրներին՝ մարզպետը նշել է, որ ներկա պահին քիչ թվով բնակավայրեր են զրկված գազից ու հոսանքից։ Նրա խոսքով՝ գազամատակարարման աշխատանքները շատ ավելի մեծ ծավալով են ընթանում։
«Մենք պետք է հետևենք նաև անվտանգության կանոններին։ Կան վայրեր, որտեղ հնարավոր է վերականգնել, բայց անհրաժեշտություն կա մոտենալ, ստուգել։ Տվյալ պահին մենք մաքրման աշխատանքներ ենք իրականացնում, բակերը տիղմով են լցված, պետք է այդ աշխատանքներն ավարտենք, որպեսզի գազամատակարարման աշխատակիցները մոտենան և ստուգումներ իրականացնեն»,- մանրամասնել է նա։
Նրա խոսքով՝ բազմաթիվ էլեկտրակայաններ գտնվում են տիղմի մեջ, տեղում մաքրման աշխատանքներ են ընթանում, որին զուգահեռ՝ ՀԵՑ-ի աշխատակիցները կիրականացնեն ստուգումներ։
Հայաստանի կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի՝ մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետը նաև այցելել էր աղետի գոտի։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Լոռու և Տավուշի մարզից տարհանվել է 429 մարդ, դժվարացել է կապը 7 բնակավայրի հետ։