Երուսաղեմի Հայկական թաղամասի ամբողջությունն առանց «Կովերի պարտեզի» վտանգի տակ է հայտնվելու, Armenia Today-ին հայտնել է Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող տարածքի հարցի շուրջ ընթացող դատում հայ համայնքի շահերը ներկայացնող փաստաբանական խմբի ղեկավար Գառնիկ Քերքոնյանը։ Նա նշել է, որ հայկական կողմի շահերը պաշտպանում է 9 փաստաբանից բաղկացած միջազգային փաստաբանական խումբ, որոնցից 3-ը Երուսաղեմից են, 6-ը՝ Հայաստանից և ԱՄՆ-ից։
Քերքոնյանը պարզաբանել է Հայկական թաղամասի այս հատվածի շուրջ առաջացած վեճը և պատմել իսրայելական «Xana Capital» ընկերության ու հայ գաղութի միջև ընթացող դատական գործընթացի, ինչպես նաև հարցի վերաբերյալ Իսրայելի իշխանությունների դիրքորոշման մասին։
– 2023 թվականի հունիսին հայտնի էր դարձել, որ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող տարածքը 99 տարով վարձակալության է տրվել «Xana Capital»-ին։ Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր գործարքը չեղարկելու մասին։ Եթե պատրիարքարանը չեղարկել է գործարքը, ինչո՞ւ է վեճը շարունակվում։
– Չեղարկելու նամակը պատրիարքարանն ուղարկել է, բայց իսրայելական ընկերությունը չի համաձայնել, այդ պատճառով ընթանում է դատական գործ։ Իրենք պնդում են, որ իրավունք ունեն վարձելու այդ հողամասը։ Հիմա՝ այս պահին, ունենք ոչ թե մեկ, այլ երկու դատական գործ։ Դատական գործերից մեկը պատրիարքարանի կողմից է՝ «Xana Capital» ընկերության դեմ և մյուսը՝ հայ գաղութի դատական գործն՝ ընդդեմ այդ պայմանագրի։ Այդ երկու դատական գործերը միաժամանակ առաջ են ընթանում իսրայելական դատարաններում։
– Տարածքն ի՞նչ դեր ունի հայկական համայնքի կյանքում և այդ կոնֆլիկտն ինչպե՞ս է ազդում համայնքի կյանքի վրա։
– Հին Երուսաղեմի հայկական մասում 1948թ․ մենք ունեինք 16-18 հազար հայ բնակչություն։ 70-80 տարվա ընթացքում հայերի թիվը շատ է նվազել, հիմա ունենք 1000-1500 բնակչով հայ գաղութ, փաստացի՝ կորցրել ենք գաղութի հայ բնակչության 90 տոկոսը։ «Կովերի պարտեզի» տարածքը մարդիկ հիմա գիտեն իբրև ավտոմեքենաների համար կայանատեղի, բայց այն պատմական կարևորություն ունի։ Ցեղասպանությունից հետո Երուսաղեմ հասած որբերն այնտեղ էին ապրում՝ վրանների մեջ։ Բայց մեր օրերում այն ունի այլ կարևորություն։
Հին քաղաքում ավտոմեքենա կայանելու տեղ ընդհանրապես չկա և այդ տարածքը միակ տեղն է, որտեղ կարող են հայկական եկեղեցի, դպրոցներ, հայկական ժառանգության օջախներ՝ թանգարաններ, գերեզմաններ, առևտրի խանութներ այցելողները կանգնեցնել իրենց ավտոմեքենաները։ Հատկապես նրանք, ովքեր հայկական թաղամասում չեն բնակվում։ Զատկին և այլ տոներին հայերը մարդկանց հրավիրում էին այստեղ կազմակերպել իրենց հավաքույթները, ճաշկերույթները։ Հայոց կյանքի համար հայկական թաղամասի ամբողջությունն առանց այս կալվածքի վտանգի տակ է հայտնվելու։
– Իսկ ինչո՞ւ «Կովերի պարտեզ», ո՞րն է անվան ծագումնաբանությունը։
– Օսմանյան կայսրության ժամանակներից ի վեր հայերին էր պատկանում, պահ կար, որ այդ տարածքում կենդանիներ էին պահում և հնարավոր է՝ այդտեղից է անվանումը։ Հիմա ասում են «Կովերի պարտեզ», բայց շատերը գիտեն որպես «Հայկական պարտեզ», «Հայոց պարտեզ»։ Այն միշտ կարևոր դեր է խաղացել պատմության ընթացքում՝ Օսմանյան կայսրության, Ցեղասպանության, անգլիական տիրապետության ժամանակներից մինչև այսօր։ Հրեաների թաղամասի համար, որն ուղղակի կապված է Հայկական թաղամասին, այս կալվածքը ևս կարևոր է՝ որպես ավտոմեքենաների կայանման տեղ Իսրայելին պատկանող Արևմտյան Երուսաղեմ այցելելու համար։ Հին Երուսաղեմի վերջին կալվածքն է, որը չի վերափոխվել։
– Ձեր կարծիքով ինչքա՞ն է տևելու դատական գործընթացը, ի՞նչ ակնկալիք ունի հայ համայնքը։ Արդյոք արդարադատության հույս կա՞։
-Ես, իմ իրավաբանական ընկերությունը և մեզ հետ համագործակցողները հայկական գաղութի փաստաբաններն են, ոչ թե պատրիարքարանի։ Մեր դատական հայցը, որը կնքված պայմանագրի դեմ է, ունի հիմնավոր փաստարկներ։ Առաջինն այն է, որ այս պայմանագիրը նույնիսկ պատրիարքարանի կանոնագրի օրենքներով չի ստորագրվել։ Դա ակնհայտ է, որովհետև Սուրբ Հակոբյանց միաբանության 31 վարդապետից 17-ն ստորագրել է նամակ՝ ասելով, որ այս պայմանագրի օգտին որևէ քվե չեն տվել։ Առաջին փաստարկը գաղութի կողմից այն է, որ այս պայմանագիրը չի ստորագրվել եկեղեցու կամ պատրիարքարանի կանոնագրի օրենքների և կանոնների համաձայն։
Երկրորդ փաստարկն այն է, որ, ըստ մեր հետազոտության, ակնհայտ դարձավ, որ 1580-ական թվականներին այս հողամասը դրված էր որպես հիմնադրամի Trust և վակըֆով (հաստատություններին իբրև հավիտյան անօտարելի, ապահարկ սեփականություն նվիրած հողային տիրույթներ ու այլ եկամտաբեր ստացվածքներ) բուն տերերը ոչ թե պատրիարքարանն է, այլ հայ գաղութը։ Հայ գաղութն ունի իրավունքներ այդ հողի նկատմամբ։ Այդ երկու հիմնական սյուների վրա է կառուցված գաղութի դատական գործը։
– Եր՞բ սկսվել դատական պրոցեսը և ըստ Ձեզ ինչքա՞ն կտևի։
– Դատական գործերի հայցերը մի քանի ամիս արդեն ներկայացված են, ընդունվել են իսրայելական դատարաններում և սպասում ենք «Xana Capital» ընկերության և պատրիարքարանի պատասխաններին։ Այդ պատասխանները մի քանի շաբաթվա ընթացքում ակնհայտ կլինեն։ Բայց դատական գործընթացը հնարավոր է երկար տևի։ Դա կարևոր է նշել։ Այդ դատական գործերն ընդհանրապես կարող են շարունակվել ամիսներ կամ տարիներ։
– Ինչպիսի՞ն է Իսրայելի իշխանությունների դիրքորոշումը հարցի նկատմամբ։
– Պաշտոնական ձևով որևէ տեսակետ չկա, բայց լուրերով տարածվեց, որ Իսրայելի ոստիկանությունն օգնել էր հայկական տարածքի վրա հարձակվողներին։ Վերջին երկու հարձակումները Երուսաղեմի ոստիկանության աջակցությամբ տեղի ունեցան, որը մեզ շատ է մտահոգում։ Դատական գործի ընթացքում մինչ այժմ իսրայելական դատարանի կեցվածքն օրենքին հետևելն էր և մինչև հիմա ունեցել ենք բավական հաջողություն։ Հուսով ենք, որ օրինական ձևով կշարունակենք, և մեր հայցը կհաջողվի։
– Իրավիճակի վրա ի՞նչ ազդեցություն ունեցավ իսրայելա-պաղեստինյան պատերազմը։
– Այդ շրջանը և, հատկապես, Երուսաղեմը բավական ճնշման տակ են։ Գազայի և Իսրայելի կառավարության միջև պատերազմն այդ ճնշումը կարծես ավելի է բարձրացրել, մարդկանց էմոցիաները շատացել են, ինչպես ակնհայտ դարձավ վերջին հարձակումների դեպքում։ Իսրայելցի վերաբնակիչների շարժումները հետաքրքրված են այս հողով։ «Կովերի պարտեզը» հսկող հայ համայնքի ներկայացուցիչների վրա հարձակվողներն այս վերաբնակիչների շարժումների անդամներն են։
Վստահ եմ, որ պատերազմական իրավիճակը գոնե հոգեբանական ձևով ազդեցություն է ունեցել էմոցիաները և ճնշումները բարձրացնելու համար։ Բայց մենք մեր դիրքերը պաշտապանում ենք, հայ գաղութի տղաները 230 օրից ավելի պահակություն են անում այնտեղ, բայց դեռ շարունակվում են այս հարձակումները։ Հարձակումների պատճառով ոստիկանությունն էլ արդեն որոշ դեպքերում մտել է մեր հող, դա նորություն է հայ գաղութի համար, բայց կարողացանք մեր դիրքերն ամուր պահել։
Հուսով ենք, որ այս պատերազմի ճնշման արդյունքում վերաբնակիչներն ավելի չեն զայրանա։ Տարիներ առաջ հայ վարդապետների ուղղությամբ թքելու հարցերն են միշտ առկա, հիմա էլ «Կովերի պարտեզի» հարցն է լրջորեն մեզ վտանգի տակ դրել։ Երբ որ ժողովուրդը, զինվորականները, ոստիկանությունն արդեն զայրացած են պատերազմի պատճառով, այդ վախը միշտ կա, որ էսկալացիա կլինի։
2023 թվականի հունիսին «Թաղամասի փրկության շարժման» համահիմնադիր Հակոբ Ջերնազյանը BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր, որ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով վարձակալության է տրվել «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին՝ էլիտար զարգացման համար»: Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր գործարքը չեղարկելու մասին։ Դեկտեմբերի 28-ին մոտ 30 սադրիչ «Կովերի այգում» հարձակվել էր հայերի վրա, ինչի համար պատրիարքարանը մեղադրել էր «Xana Capital»-ի ղեկավարությանը։ 2024-ի փետրվարի 19-ին Երուսաղեմի հայ համայնքը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել պայմանագիրը։