ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության օրակարգում որևէ հեռուստաալիք արգելափակելու հարց չկա, հայտնել են ԲՏԱ նախարարությունից՝ պատասխանելով Armenia Today-ի գրավոր հարցմանը, թե քննարկվո՞ւմ է արդյոք Հայաստանում հեռարձակվող ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ պահանջների խստացման հարցը։
Նախարարությունից անդրադարձել են նաև հարցին, թե 2024 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, քանի՞ խախտում է հայտնաբերվել և ռուսական ո՞ր լրատվամիջոցներն են կատարել այդ խախտումները: Հստակեցրել են, որ ՀՀ հանրային մուլտիպլեքսում գործող ռուսական հեռուստաալիքների վերաբերյալ ԲՏԱ նախարարության դիրքորոշումը ձևավորվում է երկու երկրների միջև կնքված միջկառավարական համաձայնագրի կետերի իրականացման համատեքստում։
«ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2020 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ հանրային մուլտիպլեքսում հեռարձակում իրականացնող ռուսական տեսալսողական ծրագրերի մշտադիտարկումն իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Վերջին երեք ամիսների ընթացքում ԲՏԱ-ն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից հանրային մուլտիպլեքսում սփռվող ռուսական հեռուստաալիքների եթերում ՀՀ օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ հաղորդում չի ստացել»,- ասված է հարցման պատասխանի մեջ։
Դեկտեմբերի 17-ին «Փաստ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունները Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն ամբողջությամբ եթերազրկելու վերջնական որոշում ունեն։ Նույն օրն Armenia Today-ին ԲՏԱ նախարարությունից հայտնել էին, որ այդ պահին նշված թեմայով մեկնաբանություն չունեն։
Ապրիլի 15-ին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մեկնաբանել էր ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր արգելքը։ Նա վստահեցրել էր, որ Հայաստանի նպատակը ոչ թե ռուսական հեռուստաալիքները փակելն է, այլ Երևանի և Մոսկվայի միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության միջկառավարական համաձայնագիրը վերանայելը։
Ապրիլի 10-ին Հայրապետյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է միակողմանի խզել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» միջպետական համաձայնագիրը:
Մարտի 30-ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» (ՀՀՌՑ) հայտնել էր Հայաստանի տարածքում լրագրող Վլադիմիր Սոլովյովի հեղինակած հաղորդումների հեռարձակումն արգելափակելու մասին։