Ջրհեղեղից տուժած աղետի գոտում՝ Լոռիում և Տավուշում, վնասված կամ փլուզված 843 շենք-շինություն կա, Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նախարարը հայտնել է, որ աղետի գոտու վնասված 24 կամրջից 6-ը պիտանի չեն երթևեկության համար։
«Ունենք 153 ավտոմեքենա, որոնք վնասվել կամ ջրածածկ են եղել։ Վնասվել է թե՛ պետական, թե՛ համայնքային, թե՛ մասնավոր գույք»,- հայտնել է Սանոսյանը։
Փաշինյանն ավելի ուշ՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնել է աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ուղղությունների մասին։ Նա նշել է բնակարանների վերականգնման միջոցառումների և բիզնեսին աջակցելու մտադրության մասին։
«Առաջին հերթին՝ պետք է գործուն ծրագիր ընդունենք, որով կօգնենք մարդկանց վերանորոգել իրենց բնակարանները և վերադառնալ իրենց տներ։ Հիմա աշխատում ենք այդ ծրագրի վրա։ Երկրորդը բիզնեսին աջակցելու խնդիրն է։ Մենք պետք է որոշակի գործակիցներով աջակցենք բիզնեսին։ Երրորդ ուղղությունը վերաբերում է ավտոմեքենաներին, խոշոր անասնաքանակին, որոնք մարդիկ կորցրել են։ Պետք է որոշակի գործակիցնրով աջակցենք նրանց»,- նշել է Փաշինյանը։
Խոսելով ենթակառուցվածքների վերականգնման գործընթացի մասին՝ Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում են զրոյից նոր կամուրջներ նախագծել։
«Ուզում ենք զրոյից նախագծել բարձրորակ՝ և՛ գեղագիտական, և՛ տեխնիկական նշանակության կամուրջներ, որոնք կհամապատասխանեն տվյալ տեղանքի կոլորիտին։ Խոսքն այնպիսի կամուրջների մասին է, որոնք, ինչպես Սանահինի կամուրջը, 7-10 դար հետո տեսարժան վայր կդառնան»,- եզրափակել է Փաշինյանը։
Տեքստը թարմացվել է 17։30-ին։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Հայաստանի կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։
Armenia Today-ի նկարահանող խումբը մայիսի 26-ին այցելել էր աղետի գոտի․ ռեպորտաժում Սանահին կայարան թաղամասի բնակիչները պատմել էին ջրհեղեղի հասցրած վնասների մասին։
Մանրամասները՝ տեսանյութերում։