«Տաշիր մեդիկա» ներդրումային ընկերությունը և ռուսական «Ամեդարտ» դեղագործական ընկերությունը ստորագրել են դեղագործության և կենսատեխնոլոգիաների ոլորտում ռազմավարական համագործակցության մասին հուշագիր: Այս մասին ասված է ընկերությունների համատեղ մամուլի հաղորդագրությունում։
«Հաջորդ տասը տարիների ընթացքում ընկերությունները մտադիր են զարգացնել ռազմավարական համագործակցությունը ներմուծման փոխարինման նախագծերի իրականացման ոլորտում, որոնք ուղղված են կենսականորեն կարևոր դեղերի համատեղ մշակմանն ու արտադրությանը»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Այս փոխգործակցությունը թույլ կտա «Ամեդարտ»-ին տասը տարվա ընթացքում զգալիորեն ընդլայնել դեղամիջոցների իր պորտֆելը, անցնել ենթակայանների արտադրությանը և սկսել կենսատեխնոլոգիական ուղղության զարգացմանն ուղղված գործընթացը:
«Ամեդարտ»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոլոկոլցովը հայտնել է, որ «Տաշիր մեդիկան»-ի հետ փոխգործակցության շրջանակում նախատեսվում է ստեղծել նոր թվային էկոհամակարգ, որը կարագացնի նորարարական ապրանքների ստեղծումն ու դրանց մուտքը ռուսական շուկա: Բացի այդ, պայմաններ կստեղծվեն ընկերության նոր դեղամիջոցները արտասահմանյան շուկաներ դուրս բերելու համար։
Ներկայումս ընկերության պորտֆելում ավելի քան 60 տեսակի դեղամիջոց կա՝ ՄԻԱՎ-ի, հակամակարդիչների, ինսուլինների, երիկամային անբավարարության և հակաքաղցկեղային դեղամիջոցների դեմ: Նրանք բոլորը գտնվում են կենսականորեն անհրաժեշտ և կարևոր դեղամիջոցների ցանկում։ «Ամեդարտ» մտադիր է 2022 թվականին թողարկել կենսականորեն կարևոր դեղերի շուրջ 1 մլն փաթեթ։ 2023 թվականին նախատեսվում է նման պատրաստուկների թողարկումը հասցնել 4 մլն փաթեթների։ «Տաշիր մեդիկա» ընկերությունը ներդրումային հոլդինգ է, որը մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ և միավորում է ավելի քան 15 ընկերությունների առողջապահության տարբեր սեգմենտներում՝ ավելի քան 15 մլրդ ռուբլի ընդհանուր շրջանառությամբ:
«Ամեդարտ»-ը դեղագործական արտադրություն է, որը «Տեխնոպոլիս Մոսկվա» հատուկ տնտեսական գոտու տարածքում գտնվող արտադրական տարածքներում զբաղվում է ՄԻԱՎ վարակի, օնկոլոգիական հիվանդությունների, երիկամային անբավարարության և շաքարախտի բուժման համար նախատեսված դեղերի հետազոտմամբ, մշակմամբ և արտադրությամբ։