Կորոնավիրուսային իրավիճակի մեղմացմամբ պայմանավորված՝ առողջապահության նախարարությունը սահմանափակումները մեղմացնելու հնարավորություն ունի։ Այդ սահմանափակումների մեղմացման դրույթների մեջ նաև աշխատավայրերում աշխատակիցներից ՊՇՌ բացասական թեստի պահանջը չեղարկելն է։
Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը՝ նշելով, որ այս պահին նախագիծը դեռ քննարկվում է։
Նա նշեց, որ ներկա դրությամբ դեռ որոշում ընդունված չէ, երբ որոշում կայացվի, նախագիծը կհանրայնացվի։
Ի դեպ, նկատենք, որ ապրիլի 15-ին կառավարության նիստից հետո Armenia Today-ի թղթակիցը ՀՀ առողջապահության նախարարից հետաքրքրվել էր, թե հնարավո՞ր է կորոնավիրուսային հիվանդացության ցածր ցուցանիշով պայմանավորված սահմանափակումները մեղմացվեն կամ վերացվեն։
Նախարարը տեղեկացրել էր, որ չնայած Հայաստանում կորոնավիրուսային համավարակի առումով բարենպաստ իրավիճակ է, բայց QR կոդերի կանոնակարգն առաջիկայում դեռ մնալու է ուժի մեջ։
Նա նշել էր, որ QR կոդերի պահանջը թե՛ ռեստորաններում, թե՛ ժամանցի վայրերում կպահպանվի։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ից ուժի մեջ են մտել մի շարք սահմանափակումներ, ըստ որոնց՝ հանրային սննդի վայրեր, հյուրանոցներ, կինո, թատրոն, գրադարան և այլ մշակութային գործունեություն իրականացնող տարածքներ այցելելիս մուտքը թույլատրվում է միայն կորոնավիրուսի դեմ պատվաստման QR կոդի հավաստման դեպքում։