Այս պահին ընթանում են 12 բժշկական կենտրոնի նախագծման կամ շինարարական աշխատանքներ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, իսկ հաջորդ տարի բյուջեով նախատեսված են նոր ծրագրեր՝ կապված ամբուլատոր հատվածի բարենորոգման, բարեկարգման հետ։
«Սա շատ կարևոր ուղղություն է, քանի որ Հայաստանում հիվանդանոցային օղակն իր ենթակառուցվածքների, սարքավորումների հագեցվածության առումով կարող ենք արդեն համարել բավարար կետերի հասած»,- ասաց նախարարը։
Ավանեսյանն ընդգծեց, որ նույնը չենք կարող արձանագրել առաջնային օղակի վերաբերյալ, որը կարևոր բարեփոխումների թվում է, և կապիտալ ներդրումները հաջորդիվ պետք է ուղղվեն առաջնային օղակի բարեկարգման վրա։
«Հաջորդ տարվա ընթացքում նախատեսում ենք մոտ 20 գյուղական ամբուլատորիաների ամբողջական վերանորոգում, վերակառուցում, համալրում, և սա բավական լավ ազդեցություն է ունենալու ընդհանուր համակարգի վրա»,- ասաց Ավանեսյանը։
Նա շեշտեց, որ համագործակցում են գործընկերների՝ այդ թվում Երևանի քաղաքապետարանի հետ, որոնց կապիտալ ներդրումները սինքրոն կերպով փորձում են համադրել իրենց բարեփոխումների հետ։
«Նրանք ևս ունեն Երևանում քաղաքային պոլիկլինիկաների բազմածավալ վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ։ Իհարկե, սա մի մասն է, սակայն մենք պետք է հասկանանք, որ կարևոր է բուժաշխատողների որակավորման ու գիտելիքների թարմացումը, նոր կադրերի համալրումը, ինչի համար ներդրել ենք նպատակային ուսուցման ինստիտուտը»,- ասավ Ավանեսյանը։