Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների աճյունների և մասունքների փորձագիտական հետազոտությունները շարունակվում են: Այս մասին Կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Մասունքների քանակի մասին նախարարը պատասխան չտվեց՝ պատճառաբանելով, որ հետազոտությունները դեռ ընթացքի մեջ են:
Նշենք, որ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում ՀՀ առողջապահության նախարարության գծով նախատեսված «Դատաբժշկական և ախտաբանաանատոմիական ծառայություններ» ծրագրի «Դատաբժշկական փորձաքննություններ» և «Սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնություն» ծրագրի զինծառայողներին, «Փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումներին հատկացվեց 30 միլիոն դրամի ավելացում:
Ինչպես ասված է նախագծում՝ պատերազմական գործողությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական փորձաքննություններ» միջոցառման շրջանակներում իրականացնել դիակների լրացուցիչ դատաբժշկական, հյուսվածքաբանական, գենետիկական համապատասխան փորձաքննության ծառայություններ, որոնց համար անհրաժեշտ է լրացուցիչ 15 մլն դրամ:
Իսկ մարտական գործողությունների անմիջական մասնակիցներին բժշկական օգնության և սպասարկման փոխհատուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման շրջանակներում, որի ճեղքվածքը փոխհատուցելու համար անհրաժեշտ է ևս լրացուցիչ 15 մլն դրամ գումար: