Կողաշրջման հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած յոթ զինծառայողից հինգը դուրս է գրվել հոսպիտալից։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Նրա խոսքով՝ մյուս երկու զինծառայողի առողջական վիճակը լավ է, նրանք ապաքինվում են։
Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ ապաքինվում են նաև հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երկու զինծառայողները ևս ապաքինման փուլում են։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել էր զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.):
Գերատեսչությունից հայտնել էին, որ մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ա.-ն:
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող Ռ. Ա.-ն։