Արդեն մոբիլիզացրել ենք մասնագետներին, որ կարողանան Հայաստանից Արցախ միմյանց հետ աշխատել: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀ ԱՆ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող Արցախի մի շարք քաղաքացիների շրջափակված Արցախից ՀՀ տեղափոխելու համար:
Հարցին՝ տեղափոխման հնարավոր տարբերակներ քննարկվո՞ւմ են, մասնավորապես, սանավիացիայի ուղղաթիռը կիրառելու տարբերակը, նա արձագանքեց. «Մենք կապի մեջ ենք Արցախի մեր գործընկերների հետ: Գերատեսչական մակարդակից բացի, բժիշկներն են իրար հետ աշխատում: Նրանք ինտենսիվ կապի մեջ են միմյանց հետ՝ հիվանդների առողջական վիճակը վերահսկելու, նաև այստեղից գործընկերների հետ աշխատելու առումով, մինչև տեղափոխման հարցը կարողանանք լուծել»:
Նա հայտնեց, որ այս պահին հավելյալ տեղեկություններ չի կարող հայտնել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ:
Այսօր ավելի վաղ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ Լաչինի միջանցքի ադրբեջանցիների կողմից շրջափակման պատճառով մի խումբ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան դարձել է անհնարին, ինչի հետևանքով նրանց կյանքին վտանգ է սպառնում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: