Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրություն ներդնելու հարցին։ Որոշումն ընդունվեց փետրվարի 2-ի նիստում։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ 2023 թվականին կիրականացվեն ծրագրի նախապատրաստական աշխատանքները։
Նախնական փուլում կհաստատվեն փաթեթների գները, որոնք չեն հաշվարկվելու մարդու եկամուտներից որոշակի տոկոսով, այլ ունենալու են հաստատուն արժեք, ինչպես նաև կհստակեցվի պետության կողմից ֆինանսավորման չափը։ 2024 թվականից կհավասարեցվեն պետպատվերով բոլոր ծառայությունների գները, դրանք կլինեն նույնական, ինչը կօգնի, որ մենք չունենանք խառը, մասնատված համակարգ։
«Երբեմն խառնաշփոթ է առաջանում, թե օրինակ երկրորդ կարգի հաշմանդամ զինվորականը ինչպիսի ծառայություններից պետք է օգտվի»,- ասաց Ավանեսյանը։
2025 թվականին, Ավանեսյանի խոսքով, ծրագրում կներգրավվեն թոշակառուները։ Այս տարիներին ավելի ու ավելի կմեծանա ապահովագրվող քաղաքացիների շրջանակը։
Բժշկական ապահովագրության համակարգը բոլոր քաղաքացիների համար պարտադիր կդառնա 2027 թվականից։
Մանրամասները՝ տեսանյութում։