Հրդեհից տուժած զինծառայողներն այս պահին առողջական նորմալ վիճակում են, բուժման գործընթացը բարեհաջող է ընթանում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ առողջացման գործընթացը բավականին երկար է լինելու, մի քանի էտապներով պետք է իրականացվեն վիրահատական, հետո կոսմետիկ վիրահատական միջոցառումներ:
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, տուժել 3 զինծառայող: Գործով կան կալանավորված անձինք:
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Հիշեցնենք՝ հունվարի 19-ի կառավարության նիստում հայտարարվեց, որ զորամասում հրդեհի բռնկումը տեղի է ունեցել ավտոբենզինի օգտագործման հետևանքով: Ավելի ուշ վերոնշյալ դասակի հրամանատարը լրագրողների հետ զրույցում հերքել էր պաշտոնական վարկածը:
Մանրամասները՝ տեսանյութում: