Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացահայտեց Հայաստանում բժշկական համապարփակ ապահովագրության ներդրման փուլերը:
Նրա խոսքով՝ առողջապահության համապարփակ ապահովագրությունը պետք է սահուն լինի ու գործի հանրային շահին համապատասխան: Այս տարի նախարարությունն ունենալու է մեծ նախապատրաստական աշխատաք: 2024 թվականից պետական պատվերի բոլոր շահառուների համար կսկսի գործել ապահովագրական համակարգը, կսկսի գործել նաև կամավոր ապահովագրման համակարգը:
«Այսինքն քաղաքացին, որը կուզենա կամավոր միանալ այս համակարգին, ամսական վճարումների միջոցով կարող է ներգրավվել, և պետությունն էլ կսկսի միջին աշխատավարձից ցածր եկամուտ ունեցողների համար սուբսիդավորման համակարգ ներդնել»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ 2025 թվականից պետությունը կապահովագրի թոշակառուներին, պետությունն այդ հոգսը կվերցնի իր վրա: Արդեն 2026 թվականին կամփոփովի կամավոր ապահովագրվածների խումբը, իսկ 2027 թվականից կգործի համապարփակ բոլորի համար:
Նախարարը հստակեցրեց, որ բժշկական ապահովագրության փաթեթի արժեքը կախված չի լինի քաղաքացիների եկամուտներից, այն ամրագրված է լինելու և նույնական՝ բոլորի համար: Իսկ տարբեր կատեգորիաների քաղաքացիների համար պետության կողմից սուբսիդավորման տոկոսը տարբեր է լինելու։
Ապահովագրությունը ծածկելու է հիմնականում այն հիվադությունները, որոնց բեռը մեծ է, այն է՝ սրտային հիավանդությունները, քաղցկեղը, նորագոյացությունները, դիաբետը, քիմիաթերապիան: Ծառայությունը նաև քրոնիկ հիվանդների դեղորայքային մասն է ապահովելու, ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ փաթեթը կհոգա ինչպես սկրինինգային ծրագրերը, կանխարգելիչ միջոցառումները, տարեկան պարտադիր հետազոտությունները, այնպես էլ վիրահատությունները:
«Օրինակ՝ մեզ շատ են դիմում սրտի բաց վիրահատության համար, որը շատ թանկ միջամտություն է, և եթե պետական պատվերի շահառու չես հանդիսանում, ապա 2-3 միլիոն դրամի վիրահատություններն ուղղակի անհասանելի են դառնում»,- ասաց Ավանեսյանը:
Փաթեթի արժեքը կբաշխվի յուրաքանչյուր տարվա 12 ամիսների վրա և ամեն ամիս կգանձվի աշխատող քաղաքացիներից: Ինչ վերաբերում է չաշխատող քաղաքացիներին, ապա նրանք իրենք են վճարելու ապահովագրական փաթեթի համար, ասաց նախարարը։ Ընդ որում՝ եթե քաղաքացին կորցնում է աշխատանքը, ապա դեռ որոշ ժամանակ մնում է համակարգում:
«Երբ քաղաքացին հայտարարագրում է իր եկամուտը, և պարզվում է, որ նրա եկամուտը ցածր է նվազագույն աշխատավարձից, պետությունը սուբսիդավորում է նրա ապահովագրավճարի որոշակի չափը»,- նշեց նա։
Խոսելով հիվանդությունների ներառման մասին, Ավանեսյանն ասաց, որ որպես այդպիսիք՝ ներառված հիվանդությունների ցանկ չկա, սակայն եթե մասնավորեցնենք, ապա որոշ վերականգնողական միջոցառումներ փաթեթը չի հոգա:
Օրինակ նորագոյացության հեռացման վիրահատական միջամտությունը փաթեթեը կփակի, սակայն, դրան հետևող վերականգնողական կամ պլաստիկ փուլի համար պատասխանատվություն չի կրի: Նախարարը նաև պարզաբանեց, թե ինչու է պետական ապահովագրական ֆոնդը մեկտեղված:
«Ինչքան մասնատված են ռիսկերը, այնքան մեծ է ծախսը պետության, մարդու համար»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: