Ոստիկաններնն արդեն դուրս են շպրտում ՊՆ նախկին բնակիչների գույքը։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ տեղեկացնելով, որ այդ մասին իրեն հայտնել են երեկ։
Նա շեշտեց՝ ոստիկանները չեն սպասում, որպեսզի գույքի պատշաճ տեղափոխություն կատարվի։
Պատգամավորը հիշեցրեց, որ ՊՆ նախկին շենքի բնակիչներն արդեն 10-րդ օրն է՝ բաց երկնքի տակ են գիշերում, և միայն համառ ջանքերի շնորհիվ է հաջողվել վրաններ տեղադրել։
«Դրսում հայտնված քաղաքացիների դրությունը ժամ առ ժամ վատթարանում է։ Նրանց կյանքին և առողջությանը կարող է վտանգ սպառնալ։ Արդեն ունեմ տեղեկություններ այն մասին, որ մանկահասակ երկու երեխա հոսպիտալացվել է։ Ո՞վ է պատասխանատու այս երեխաների առողջության համար։ Ուրիշներին մարդասիրական օգնություն ուղարկող իշխանությունը յուրայիններին ապրումակցելու գրամ անգամ ցանկություն չունի»,-ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին առավոտյան ոստիկանները մտել են Աշտարակի խճուղու վրա գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենք, որտեղ բնակվում են նաև ազատամարտիկների ընտանիքներ։ Բնակիչների պատմում էին, որ ոստիկաններն իրենց ուժով հանել են շենքից՝ ասելով, որ շենքում անօրինական են բնակվում: