Մարտի 8-ի ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 39-ի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ 18-ը հոսպիտալացված է, 14-ը չի հոսպիտալացվել, 7-ը՝ դուրս է գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը՝ ծանր: 39 վարակվածից 36-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:
Նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:
«Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին»,- հայտնում է նախարարությունը:
Միաժամանակ նշվում է, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ կարմրուկի բռնկման առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից: