Պարեկային ծառայողների ակնհայտ անօրինաչափ գործողությունների հետևանքով երեկ երեկոյան ոստիկանական մեքենայում կտրուկ վատացել է Գևորգ Պետրոսյանի ինքնազգացողությունը: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը այսօր այցելել է 72 ժամով ձերբակալված Գևորգ Պետրոսյանին:
«Պարոն Պետրոսյանը պատմեց իր հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները: Ըստ նրա, երեկ երեկոյան Պարեկային ծառայության աշխատակիցները բավականին երկար ժամանակ հետևել են իրեն, այնուհետև, արդեն այն ժամանակ, երբ վերջինս մոտ է եղել իր բնակության վայրին, մոտեցել են և առանց պատշաճ կերպով օրինական պահանջ ներկայացնելու փորձել են իրեն դուրս բերել մեքենայից։ Ի վերջո, մեծաթիվ պարեկային ծառայողների միջոցով դա նրանց հաջողել է, ինչի հետևանքով Գևորգ Պետրոսյանին տեղափոխել են նախ անհրաժեշտ քննություններն անցկացնելու, ապա Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկը»,-գրել է պատգամավորը՝ հայտբնելով, որ
ահազանգով ժամանել են շտապ օգնության ծառայության աշխատակիցներ։
«Շտապ օգնության ծառայության աշխատակիցները նախնական զննությունից հետո պնդել են, որ Գևորգ Պետրոսյանին անհրաժեշտ է տեղափոխել բժշկական հաստատություն, քանի որ վերջինիս մոտ առկա են առողջական խնդիրներ, և բժշկական օգնություն ցուցաբերելու անհապաղ կարիք կա։ Պարեկային ծառայության աշխատակիցները հրաժարվել են իրականացնել այս պահանջը` այդպիսով վտանգելով ՀՀ քաղաքացու կյանքը»,-հավելել է նա։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Վերջինս ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝ բռնության գործադրմամբ) նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածի հիմքով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ոստիկանության պարզաբանման՝ Գ․ Պետրոսյանը մեքենան վարել է անկանոն, չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին, հնչեցրել է սպառնալիքներ։ Գ.Պետրոսյանի փաստաբան Ռաֆֆի Ասլանյանը նշել է, որ նա որևէ հանցանք չի կատարել, այդ թվում՝ պարեկների նկատմամբ բռնություն չի գործադրել։