Հայաստանում 2022 թվականին գրանցվել է օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակը Հարավային Կովկասի երկրների շարքում։ Այս մասին են վկայում աշխարհում օդի որակի մասին շվեյցարական IQAir ընկերության զեկույցի տվյալները։
Զեկույցի համաձայն, Հայաստանը զբաղեցրել է 22-րդ տեղը օդի աղտոտվածության վարկանիշում, որը հիմնված է PM2.5 մասնիկների միջին կոնցենտրացիայի մակարդակի վրա: Հայաստանում այդ ցուցանիշը կազմել է 31.4 մկգ/խմ։
Ադրբեջանը վարկանիշում զբաղեցրել է 51 – րդ տեղը՝ PM2.5 կոնցենտրացիայի մակարդակով՝ 18.9 մկգ/խմ, Վրաստանը՝ 61 (17.0)։ Թուրքիան 45-րդ տեղում է (21.1), Իրանը՝ 21-րդ (32.5)։
Մայրաքաղաքներում օդի աղտոտվածության մակարդակի վարկանիշում Երևանը զբաղեցրել է 22 – րդ տեղը, Բաքուն՝ 49-րդ, Թբիլիսին՝ 57-րդ: Թեհրանը զբաղեցրել է 21 – րդ տեղը, Անկարան՝ 67-րդ։
Ընդհանուր առմամբ, զեկույցում ներկայացված են տվյալներ 131 երկրների և տարածքների վերաբերյալ: IQAir-ի տվյալներով՝ օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակը եղել է Չադում (89.7), ամենամաքուր օդը գրանցվել է Գուամում (1.3)։ ԱՀԿ առաջարկությունների համաձայն, PM2. 5 տարեկան առավելագույն կոնցենտրացիան չպետք է գերազանցի 5 մկգ/խմ մակարդակը: