Հայաստանում որոշ դեղամիջոցներ հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանկ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը՝ նշելով, որ առաջին հերթին դա կվերաբերի հակաբիոտիկներին։
Ըստ Ջումայանի՝ թղթային տարբերակով օրենքը գործում է, սակայն այն վերահսկելը դժվար է։ Լիարժեք վերահսկողության սահմանելու համար որոշվել է էլեկտրոնային մեխանիզմ կիրառել։
«Միանշանակ ամբողջովին վերահսկելը չեն կարող ասել, բայց կբերի մաքսիմալի։ Եթե գտնվեն տնտեսավարողներ ու բժիշկներ, որոնք կգնան այդ խախտմանը, ունենք ևս մի գործիք։ Այս խախտումը կարող է հայտնաբերվել էլեկտրոնային ամբուլատոր քարտերի միջոցով, որոնք նույնպես կներկայացնենք»,- ասաց պաշտոնյան։
«Անցյալ տարվա հուլիսից Հայաստանում պիլոտային ծրագրի շրջանակներում կենտրոնական գնումներով ստացված դեղերը տրվում են էլեկտրոնային եղանակով, արդեն 800 հազար դեղատոմս է տրվել այս ձևաչափով, այսօր չկա մեկ պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, որը չաշխատի։ այս համակարգի համաձայն»,- նշեց նա։