Հայաստանում կներդրվի բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ: Որոշումը հավանություն ստացավ կառավարության մայիսի 4-ի նիստում:
Ինչպես նախագիծն ընդունելիս ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ 2001 թվականին լիցենզավորման համակարգն ինչ-ինչ պատճառներով Հայաստանում կասեցվել է:
«Վերջին 5 տարիների ուսումնասիրությունները, շփումները և ընդհանուր համակարգային փոփոխությունների մեր տեսլականը միանշանակ չենք կարող պատկերացնել առանց մարդկային ներուժի զարգացման, որովհետև բուժաշխատողներն ու նրանց նկատմամբ պահանջներն են, որ պետք է լրացնեն ընդհանուր առմամբ առողջապահական ծառայությունների որակը»,- նշեց նախարարը:
Նախագծով առաջարկվում է ներդնել 2 տիպի լիցենզավորման ինստիտուտ: Անցումային լիցենզավորումը վերաբերվելու է օրդինատուրայում սովորող ուսանողներին: Ըստ նախարարի՝ սա կարևոր քայլ է՝ ուսանողներին սովորելու ընթացքում գործնական ու աշխատանքային փորձառություն ստանալու հնարավորություն առումով:
«Իհարկե, բժշկի հսկողության տակ մեր օրդինատորներն ու ռեզիդենտները հնարավորություն կունենան մասնագիտական գործունեությամբ զբաղվել և իրենց հմտությունները նաև լավացնելու և ձևավորելու»,- ասաց Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ Լիցենզիաները տրվելու են 5 տարի ժամկետով: Այսպիսով՝ 2024 թ. հունվարի 1-ից կսկսվի անհատական լիցենզիաների տրամադրումը միայն օրդինատորների համար, իսկ այնուհետև 2026 թ հունվարի 1-ից համակարգն ամբողջությամբ կսկսի գործել:
Անհատական լիցենզավորումն իրականացվելու է քննական ձևաչափով, այսինքն՝ տրամադրվելու է որոշակի հմտությունների ստուգման պարագայում: Իսկ 5 տարի հետ այն թարմացվելու, շարունակվելու է, եթե դրա կասեցման հիմքեր չկան:
«Լիցենզավորման կասեցման հիմք կարող է հանդիսանալ, օրինակ, բժշկական սխալը, էթիկայի նորմերի խախտումները, հավաստագրման պահանջներ չիրականացնելը»,- ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում։