Առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժածների առողջական վիճակի մասին։
ԱՆ-ից հայտնել են, որ նրանք շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում:
«Երկուսը գտնվում են Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Մեկի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` ծանր: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկին տեղափոխել են բաժանմունք, մյուսը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում: Մեկի առողջական վիճակը կայուն է, մյուսինը` ծանր»,-հայտնել են ԱՆ-ից։
Ըստ ԱՆ-ի՝ «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում գտնվող տուժածի առողջական վիճակը կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ «Աստղիկ» ԲԿ-ու գտնվող տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, գտնվում է վերակենդանացման բաժանմուքնում:
ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 14-ին ժամը 00:27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Ֆոլքսվագեն» մարդատար միկրոավտոբուսը և «ԶԻԼ» բեռնատարը, ինչի հետևանքով 11 մարդ մահացել է, վեց վիրավոր հոսպիտալացվել էր։ «Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով մահացածները վերադառնալիս են են եղել Թուրքիայից, որտեղ այցելել էին պատմական Արևմտյան Հայաստան»։ «Hamshen Tour»-ից Armenia Today-ին հաստատել էին, որ Գյումրի-Երևան վթարի մասնակիցներն իրենց զբոսաշրջային խմբից են եղել։ Քննչական կոմիտեն Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած և 11 անձի կյանք խլած վթարի փաստով քրեական գործ է հարուցել։