Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Ըստ գերատեսչության` մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար կամ միջին ծանրության: Ընդհանուր առմամբ՝ 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում:
Հիշեցնենք՝ ՀՀ ՆԳՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 14-ին ժամը 00:27-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Ֆոլքսվագեն» մարդատար միկրոավտոբուսը և «ԶԻԼ» բեռնատարը, ինչի հետևանքով 11 մարդ մահացել է, վեց վիրավոր հոսպիտալացվել էր։ «Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով մահացածները վերադառնալիս են եղել Թուրքիայից, որտեղ այցելել էին պատմական Արևմտյան Հայաստան»։ «Hamshen Tour»-ից Armenia Today-ին հաստատել էին, որ Գյումրի-Երևան վթարի մասնակիցներն իրենց զբոսաշրջային խմբից են եղել։ Քննչական կոմիտեն Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած և 11 անձի կյանք խլած վթարի փաստով քրեական գործ է հարուցել։