Doctorpiter.ru-ն խոսել է հայազգի վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Ալեքսանյանի հետ, որը պատմել է, թե ինչպես պետք է խուսափել անբարեխիղճ բժիշկներից, ովքեր բժշկությունը վերածել են բիզնեսի։
«Էսթետիկ բժշկությունը ժամանակակից աշխարհում գեղեցկության արդյունաբերության կարևոր մասն է ։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են ցանկանում երկարացնել իրենց երիտասարդությունը, վերացնել թերությունները, կատարել վիրահատություն, որի մասին վաղուց էին երազում։ Բայց երբեմն բուժառուները չեն մտածում վիրահատության լրջության մասին և ընկնում են շուկայավարման ծուղակների մեջ. փորձելով գումար խնայել, նրանք իրենց գեղեցկությունն ու առողջությունը վստահում են մարդկանց, որոնք բժշկությունը, մեղմ ասած, վերածել են բիզնեսի»»,-նշվում է հրապարակման մեջ։
Առաջին սխալը, որը ընդգծել է բժիշկը, բժիշկների էջերում առկա գեղեցիկ գովազդներով տարվելն է։
«Իրականում այն չի տալիս նույնիսկ այն ինֆորմացիայի կեսը, թե, օրինակ, ինչպես է կատարվելու վիրահատությունը, ինչ հետևանքներ կարող են լինել, կամ, օրինակ, բարդությունների դեպքում բժիշկն արդյոք կապի մեջ կմնա՞»,-պատմել է բժիշկ-վիրաբույժ Տիգրան Ալեքսանյանը։
Նա ընդգծել է, որ պետք չէ հիմք ընդունել զեղչերը, իրենց էջերում հրապարակված կարծիքները։
«Վիրահատության ցածր գինը պետք է զգուշացնի ձեզ․ չէ՞ որ այդ գնից է կախված վիրահատության նախապատրաստումը, վերականգնումը, սարքավորումները, թիմի աշխատանքը»,-զգուշացնում է բժիշկը:
Հիվանդները սովորաբար անվերապահորեն վստահում են բժշկին, եթե նա պարզապես հաճելի է շփման մեջ, ծայրաստիճան քաղաքավարի է։ Վիրաբույժը նշել է, որ այնքան էլ լավ ազդակ չէ, երբ բժիշկն անմիջապես համաձայնում է հիվանդի ցանկացած խնդրանքին՝ փորձելով ամեն կերպ հաճոյանալ նրան։
«Սա միշտ չէ, որ երաշխավորում է բուժման և վիրահատության որակական արդյունքը, քանի որ բացի քաղաքավարությունից և գեղեցիկ արտահայտություններից, կարևոր են բժշկական անթերի գիտելիքները, փորձը և առաջացած բարդությունների հետ աշխատելու ունակությունը: Ոչ բոլորն ունեն համապատասխան սերտիֆիկացում, փորձ և բավարար գիտելիքներ պլաստիկ վիրահատություններ իրականացնելու համար»,-զգուշացնում է պլաստիկ վիրաբույժը։