Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, ռեգիոնի հայաշատ Վիեննի քաղաքապետ Թիերի Կովաքսը ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանի հետ հանդիպմանը նշել է, որ ֆրանսիական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել Սյունիքի մարզի բժշկական կենտրոններին ընդլայնված աջակցություն տրամադրելու և փոխգործակցության արդյունքում ոլորտի զարգացման գործում ներդրում ունենալու համատեքստում, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Առողջապահական ծրագրերի ընդլայնման այս հնարավորությունը պետք է օգտագործենք շատ աշխատանք անելու ու ավելի մեծ արդյունքների հասնելու համար` ամրապնդելով մեր գործակցությունը»,- ասել է Թիերի Կովաքսը:
Անդրադառնալով Հայաստանին մշտապես աջակցելուն, ստեղծված իրավիճակում Ֆրանսիայի հետ գործակցության արդյունքում արված աշխատանքներին ու ապագայում ոլորտի զարգացման ծրագրերը կյանքի կոչելու հեռանկարներին` Ջումանյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա առողջապահական պատկերը` մեր հայրենակիցների առաջնային օղակում հավաքագրման գործընթացը, նրանց դեղապահովման, իմունականխարգելման և ամբողջությամբ անվճար տրամադրվող բուժօգնության հարցերը, այդ թվում` հիվանդանոցային:
«Մենք շատ ակտիվ աշխատում ենք բռնի տեղահանվածներին հավաքագրելով ու գրանցելով առաջնային օղակին` կազմակերպելով նրանց պատշաճ բուժօգնությունը: Այս պահին արդեն ունենք 45 հազարից ավելի հավաքագրված պացիենտներ ամբողջ Հայաստանի տարածքում, և այդ գործընթացը շարունակվում է», – նշել է Արտակ Ջումայանը:
Սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայից Հայաստան էր ժամանել մարդասիրական օգնության խմբաքանակ, որը ներառում էր բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ՝ Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածների բուժման համար։