Քովիդի թվերի բարձրացում ունենք, մեկ երեխա մահացել է կարմրուկից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ամենօրյա մոնիթորինգ ենք անում, սակայն հոսպիտալացումների թվի կտրուկ աճ այս պահին չի գրանցվել: Մենք նկատում ենք, որ գարնան և աշնան ամիսներին կորոնավիրուսը, նաև գրիպը նույն վարքագիծն են դրսևորում: Եվ այս պահին սեզոնային ակտիվացում է»,- ասել է Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ գրիպի դեմ պատվաստանյութերի պաշարները համալրվել են, պակաս չկա: Նա քաղաքացիներին հորդորել է օր առաջ պատվաստվել գրիպի դեմ: «Այս ընթացքն ամենաճիշտ շրջանն է՝ պատվաստվելու և պաշտպանված լինելու»,- նշել է Ավանեսյանը:
Առողջապահության նախարարն ընդգծել է, որ քովիդի հետ կապված շտամների որոշակի փոփոխություն չի նկատվում, օմիկրոնն է՝ իր տարբեր ենթաշտամներով։ Ախտանշանները բավական նման են գրիպին, և եթե թեստավորում չի արվում, դժվար է տարբերել։
Անդրադառնալով կարմրուկին՝ Ավանեսյանը նշել է, որ գրանցվել է երեխայի մահվան դեպք, սակայն երեխան ունեցել է այլ ուղեկցող հիվանդություններ ևս, և կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել։
«Միշտ պետք է անհանգստանալ, սակայն դա բավական չէ, պետք է գործուն քայլեր ձեռնարկել։ Հորդորում եմ ճիշտ ժամանակին ստանալ պատվաստումներ»,- ասել է Ավանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։