Նախորդ շաբաթվա համեմատ Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակների հիվանդացության 1,1 անգամ աճ: Տեղեկությունը հայտնել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը:
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ աճը կազմում է 1,5։ Դեպքերը հիմնականում արձանագրվում են 0-18 տարեկանների շրջանում՝ գրեթե 70 տոկոսը։ Նրանց 50 տոկոսն էլ կազմում են 0-4 տարեկան երեխաները»,- ասել է բժիշկ-համաճարակաբանը։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ 500 անձ հոսպիտալացված է։ «Լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ գրիպի շրջանառություն չկա, սակայն ունենք այլ շնչառական վիրուսների շրջանառություն, ինչպես նաև կորոնավիրուսային հարուցիչների»,- ասել է Եվգենյա Խաչատրյանը։
Նա նաև նշել է, որ այս պահի դրությամբ 16 հոգի վերակենդանացման բաժանմունքում են՝ բոլորը 0-4 տարեկան երեխաներ:
«Սուր շնչառական վարակների գանգատները շատ բազմազան են՝ սկսած քթահոսությունից, կարող են լինել կոկորդի ցավ, կարող է լինել ջերմություն կամ առանց ջերմության և, իհարկե, ականջաբորբ և կարող է որպես բարդացում վերջանալ թոքաբորբով»,- ասել է նա` շեշտելով, որո թիրախում երեխաներ են, քանի որ նրանք ավելի խոցելի են:
Մանրամասները՝ տեսանյութում: