Հայաստանում առկա է կարմրուկի 471 հաստատված դեպք, հայտարարել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունալ կանխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի Սվետլանա Գրիգորյանը:
«Հիվանդների 93 տոկոսը չպատվաստաված և թերի պատվաստված անձինք են: Հիվանդացածների մոտ 70 տոկոսը՝ գերակշիռ մասը, երեխաներ են: Ունենք 4 հոգի հոսպիտալացում, որոնց վիճակը միջին ծանրության է»,- ասաց նա:
Գրիգորյանը նշել է, որ կարմրուկի վարակելիությունը բավական բարձր է, եթե վարակված անձի հետ շփվում է 10 անձ, որոնք չպատվաստված են կամ նախկինում չեն հիվանդացել, ապա նրանցից 9-ը կարող է հիվանդանալ:
Հայաստանը 2007-ից համարվում է կարմրուկից էլիմինացված երկիր, այսինքն՝ Հայաստանում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվում, վիրուսի տեղական շրջանառություն չունենք: Եվ դա շնորհիվ պատվաստումների է, քանի որ պատվաստումներն ունեն բավական բարձր ընդգրկվածություն: Սակայն ամեն տարի ունենում ենք բերովի դեպքեր, որոնք որոշակի տեղային բռնկման պատճառ են դառնում: Հիմնականում հիվանդանում են չպատվաստաված և թերի պատվաստված անձինք:
Գրիգորյանը հիշեցրել է, որ գրանցվել է մեկ մահ կարմրուկից չպատվաստված երեխայի մոտ, որն ունեցել է նաև ուղեկցող հիվանդություններ:
Մանրամասները՝ տեսանյութում: