Իրավիճակն այս պահին վերահսկելի է, ունեինք բռնկում, որը դեպի մարում է գնում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա շեշտել է, որ դրանից գերատեսչության զգոնությունը չի իջնում և բժշկական կենտրոններում գրանցված այն նախանշանները, որոնք կարող են լինել կարմրուկի պարագայում, հետաքննվում են, արվում են բոլոր հետազոտական աշխատանքները, որպեսզի որևէ դեպք բաց չթողնեն։
Ավանեսյանը ցավով նշել է, որ երեխայի մահվան դեպք է արձանագրվել՝ ավելացնելով, որ նա պատվաստված չի եղել և ունեցել է այլ հիվանդություններ, որոնք իրավիճակը բարդացրել են։
Նախարարը հորդորել է ազգային օրացույցով սահմանված իմունիզացիոն ծրագրով երեխաների պատվաստումները ճիշտ ժամանակին ստանալ։
Հոկտեմբերի 27-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կարմրուկի 471 դեպք։