Հայաստանում մարտի 1-ից էլեկտրոնային դեղատոմսերը կփոխարինեն թղթային դեղատոմսերին, որոշումը կայացրել է կառավարությունը փետրվարի 29-ին կայացած նիստում։
Փոփոխությունները վերաբերում են 400 անուն դեղամիջոցների՝ հակաբակտերիալ, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերին, իմունային շիճուկներին և իմունոգլոբուլիններին և պատվաստանյութերին։
«ՀՀ-ում էլեկտրոնային դեղատոմսի ներդրումն իրականացվում է առաջին անգամ, ուստի ծրագրի ներդրումից, կատարելագործումից և խնդիրները վերլուծելուց հետո կիրականացվի նաև թմրամիջոցներ պարունակող դեղերի դեղատոմսերի դուրսգրման մասով ծրագրի ներդրում` հնարավոր ռիսկերից խուսափելու և պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով»,- ասված է նախագծում:
Էլեկտրոնային դեղատոմսերը քաղաքացիները կարող են ստանալ «Արմեդ» համակարգով և դեղատներում ցույց տալ QR կոդը, որը ներառում է դեղատոմսի մասին տեղեկություն։
Իշխանությունները կարծում են, որ էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման շնորհիվ դեղատոմսեր ստանալու հերթերը կնվազեն, իսկ ԲԿ-ներում բժշկական օգնության և սպասարկման որակը կբարձրանա:
Համակարգը ներդրվելու է փուլային տարբերակով։ 2025 թվականի հունվարի 1-ից էլեկտրոնային դեղատոմսերով կվաճառվի ևս 2566 դեղ: ՀՀ-ում գրանցված 3370 անուն դեղերից 804-ը կառավարությունը կթողնի ազատ վաճառքի։
Փետրվարի 23-ին առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը հայտարարել էր, որ պետպատվերի շրջանակում տրամադրվող դեղատոմսը և՛ ՀՀ, և՛ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին կտրամադրեն էլեկտրոնային եղանակով։