Ապրիլի 16-ին իրավապահ համակարգը փորձել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին Քննչական կոմիտե կանչել՝ կապված նախարարության շուրջ տեղի ունեցող դեպքերի և «Ուիգմոր» մանկական բժշկական կենտրոնում կատարված խուզարկությունների հետ, որտեղ մասնաբաժին ունի նաև Ավանեսյանը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ նախարարությունից ՔԿ-ին պատասխանել են, որ օրենքով սահմանված կարգով ծանուցում ուղարկելու դեպքում նախարարը կգնա և կպատասխանի հարցերին։
«Իրավապահները կասկածում են, որ նախարարն սկսել է պետպատվերի բաշխումները հօգուտ հիվանդանոցի անել»,- գրում է աղբյուրը:
Առողջապահության նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանը հերքել է նախարարին հարցաքննության կանչելու մասին լուրը։
Ապրիլի 16-ին Քննչական կոմիտեն խուզարկություններ էր սկսել Առողջապահության նախարարությունում և Երևանի բժշկական կենտրոններից մեկում, Armenia Today-ին ասել էր ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Մամուլը գրել էր, որ Առողջապահության նախարարությունում խուզարկությունները կապված են առողջապահության ոլորտում պետական պատվերների բաշխման հետ և հայտնել էր, որ իրավապահները բերման են ենթարկել ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Լիլիթ Ավետիսյանին։ Աբրահամյանը, սակայն, Armenia Today-ին հայտնել էր, որ գործով ձերբակալվածներ չկան։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: