Անգլո-շվեդական AstraZeneca-ն մայիսի 7-ից սկսել է հետ կանչել իր COVID-19 պատվաստանյութի վաճառքի լիցենզիաներն ամբողջ աշխարհում՝ կողմնակի ազդեցությունից տուժած մարդկանց հետ իրավական պայքարի ֆոնին, հայտնել է Forbes-ը։
Ընկերությունը դատարանում խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է մահացու թրոմբոզ առաջացնել, սակայն «խիստ հազվադեպ»: Լրատվականը գրել է, որ ընդհանուր առմամբ՝ 158 մարդ է տուժել Oxford-AstraZeneca պատվաստանյութից, և Բրիտանիայի կառավարությունը նրանցից յուրաքանչյուրին վճարել է 150 000 դոլար փոխհատուցում։
AstraZeneca-ի շուկայական կապիտալիզացիան աճել է ավելի քան 3 միլիարդ ֆունտով (3,75 միլիարդ դոլար) պատվաստանյութի հետկանչման մասին լուրերից հետո, նշում է The Telegraph-ը: Լոնդոնի ֆոնդային բորսայում սակարկությունների ընթացքում ընկերության բաժնետոմսերը թանկացել են 1,6%-ով:
AstraZeneca-ն առաջիններից մեկն էր, որ մշակել էր COVID-19-ի իր պատվաստանյութը: