Հայաստանում կարմրուկի վարակվածության տեմպերն արագացել են, «Արմենպրես»-ին հայտնել է Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։
Ըստ նրա՝ բերովի դեպքերից բացի, ոչ միայն երկրում են առկա ակտիվ օջախներ, այլև վարակվածների թիվն է ավելանում։
«Եթե ամբողջ 2023 թվականին գրանցվել էր 545 լաբորատոր հաստատված դեպք, ապա այս տարվա ընթացքում արդեն 420 հաստատված դեպք կա։ Եթե նախորդ տարվա մարտին գրանցվել էր կարմրուկի վարակման 50 դեպք, ապա 2024-ի մարտին գրացվել է 136-ը»,- ասել է նա։
Մասնագետը տեղեկացրել է, որ ներկայում ակտիվ օջախներ կան հանրապետության բոլոր մարզերում, սակայն ամենաշատ դեպքերը գրանցվել են Գեղարքունիքում, Կոտայքում և Երևանում։ Կարմրուկ գրանցվել է տարբեր տարիքային խմբերում։ Թիրախում ինչպես երեխաներն են, այնպես էլ՝ մեծահասակները։
Նրա խոսքով՝ ընդունված է կարծել, կարմրուկը մանկական վարակիչ հիվանդություն է, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ ցանկացած մարդ կարող է կարմրուկով վարակվել։
«Կոնկրետ կարմրուկի լաբորատոր հաստատված 250 դեպք ունեցել ենք երեխաների շրջանում և 170 լաբորատոր հաստատված դեպք՝ մեծահասակների շրջանում։ Այնպես որ՝ բոլոր տարիքային խմբերն էլ թիրախում են»,- նշել է Սահակյանը։