Բաղրամյան պողոտայում խորհրդարանի շենքի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներից հետո 98 անձ դիմել է բժշկական օգնության, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ 66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ «32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը Armenia Today-ին հայտնել էր, որ ցույցի ընթացքում բերման է ենթարկվել 98 քաղաքացի։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երրորդ օրն է՝ շարունակում է փակ պահել Բաղրամյան պողոտան՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ ԱԺ շենքի մոտ հավաք էր, որին զուգահեռ Ազգային ժողովում տեղի էր ունենում ԱԺ-Կառավարության հարցուպատասխանը։
Հունիսի 9-ին անցկացրած հանրահավաքից հետո շարժման առաջնորդները հայտարարել էին, որ 4 օր մնալու են փողոցում և հասնելու են Փաշինյանի ու կառավարության հրաժարականին։ Ցուցարարները վրաններ էին տեղադրել Ազգային ժողովի դիմաց՝ փակ պահելով Բաղրամյան պողոտան։