Դիետոլոգ Ալեքսեյ Կաբանովը պատմել է, թե որոնք են քամած թարմ հյութերի դրական և բացասական կողմերը և թվել է այն հիվանդությունները, որոնց դեպքում խորհուրդ չի տրվում դրանք օգտագործել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Թարմ հյութերում մեծ մասամբ չեն ավելացնում շաքար, նաև նրանց բնական բաղադրությունը կասկածներ չի հարուցում։ Բայց կա նաև մեդալի հակառակ կողմը՝ նման հյութերը շատ խիտ և թթվային են, հատկապես՝ նարնջինը։ Քաղցած ժամանակ այն ըմպելը վատ միտք է։ Արդյունքում՝ կարող են սրվել աղեստամոքսային համակարգի հիվանդությունները, կբարձրանա ստամոքսի թթվայնությունը»,- նշում է Կաբանովը։
Մասնագետի խոսքով՝ միրգն ամենաօգտակար սննդատեսակն է միկրոբիոմի համար։ Այն մարդուն ապահովում է ոչ միայն ֆրուկտոզ, այլև բջջանյութ։ Այն դանդաղ է մարսվում, ինչը լավ է օրգանիզմի համար։
«Քամած թարմ հյութերի օգտագործումն արյան մեջ շաքարի պարունակության կտրուկ աճ է առաջացնում։ Սա շաքարային դիաբետի լուրջ ռիսկ է պարունակում, իսկ այն մարդկանց համար, ովքեր արդեն հիվանդ են՝ շաքարի բարձր մակարդակն անթույլատրելի է»,- ասել է դիետոլոգը։
Կաբանովն ավելացրել է, որ շաքարի մակարդակի նման կտրուկ աճը տեղի է ունենում այն պատճառով, որ հյութն իր մեջ միայն ֆրուկտոզ է պարունակում՝ առանց բջջանյութի, ինչի հետևանքով այն օրգանիզմի կողմից յուրացվում է անմիջապես։