Փոխնակ մայր լինելու տարիքային շեմը 35-ից կբարձրանա 38 տարեկանի, Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունել է համապատասխան օրինագիծը։
«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը հեղինակել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Տաթևիկ Գասպարյանը ու Լենա Նազարյանը։
Փաթեթով կանոնակարգվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու գործընթացը, մասնավորապես, առաջարկվում է փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չտարածել օտարերկրյա քաղաքացիների (բացառությամբ՝ ազգությամբ հայ) նկատմամբ: Բարձրացվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային շեմը` սահմանվելով մինչև 55 տարեկանը:
Զեյնալյանը նշել է, որ օրնագծով հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Գործող օրենքով նախատեսված էր միայն գործիքային ընդհատումը:
Զեյնալյանի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է մինչև 8 շաբաթական հղիության դեպքում իրականացնել հղիության արհեստական ընդհատում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում, իսկ մինչև 22 շաբաթական հղիության ընդհատման պարագայում միայն հիվանդանոցային պայմաններում` բժշկի հսկողության տակ:
Ավելացվել են դրույթներ` կապված սեռաբջիջների պահպանման, արտահանման, ներմուծման և ոչնչացման հետ: Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ: