Մայիսի 30-ին Երևանի «Էվա Մեդ» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկված 69-ամյա Լուսնթագ Բ․-ն հունիսի 18-ին մահացել է, գրում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ մայիսի 31-ին նա «կոմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Կնոջ դուստրը հայտնել է մոր մահվան մանրամասները։
«Մայրն «Էվա Մեդ» բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության է ենթարկվել բժիշկ, Ուզբեկստանի քաղաքացի 30-ամյա Ռաֆայել Առուշանովի կողմից։ Բժիշկը հայտնել է, որ վիրահատությունը բարեհաջող է ավարտվել, սակայն կնոջ մոտ արձանագրվել է սրտի կանգ, ինչը կանխվել է իրենց կողմից, բայց չարթնանալու կապակցությամբ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ հունիսի 18-ին մահացել է։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերջինիս կրծքավանդակը կոտրվել է սրտի կանգը վերականգնելու ժամանակ: Դուստրը ոստիկաններին հայտնել է, որ, իր կարծիքով, մայրը մահացել է բժշկի կողմից մասնագիտական անփութության և անգործության հետևանքով»,- ասված է հրապարակման մեջ։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, հավելել է կայքը։
Shamshyan.com-ը հուլիսի 10-ին հայտնել էր, որ հուլիսի 5-ին «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում քթի վիրահատության ժամանակ մահացել է Երևանի բնակիչ 32-ամյա Լիանա Ս.-ն։ ԲԿ-ից «Հայկական ժամանակ»-ին պարզաբանել էին, որ «դեպքը ոչ թե բժիշկների կամ վիրահատական սխալի հետևանք է, այլ գենի քրոմոսոմի հիվանդության պատճառով է»։ ԲԿ-ից հայտնել էին, որ «բուժառուի մոտ չարորակ գերջերմություն է եղել՝ անզգայացումից դուրս գալու պահին նրա ջերմությունը բարձրացել է 42-43 աստիճան»։