Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում հուլիսի 16-ին շան հարձակման հետևանքով տուժած 5 քաղաքացիներից 4-ն ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից, News.am-ին հայտնել է «Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
Փոխտնօրենի խոսքով՝ 5-ամյա երեխան, որ ամենաշատն է տուժել, տեղափոխվել է Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոն:
«Տուժածները վնասվածքներ էին ստացել մարմնի տարբեր հատվածներում, մեծամասամբ՝ վերին վերջույթների հատվածում»,- նշել է նա:
Ոսկեհասկի բնակիչ 59-ամյա Շիրակ Ն.-ն կայքին պատմել է, թե ինչի է ականատես դարձել, միևնույն ժամանակ՝ նշել է, որ երեխայի առողջական վիճակի մասին ոչինչ չգիտի:
«Տեսել եմ, որ շունը երեխային գզում է, հասել եմ, փրկել»,- պատմել է նա:
Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանի տեղեկություններով՝ երեխային վիրահատել են: Նա ասել է, որ 5-ամյա երեխան և նրա մայրը հյուր էին գնացել իրենց բարեկամի տուն և դեպքը հենց բարեկամի թաղամասում է տեղի ունեցել:
Հուլիսի 16-ին Ոսկեհասկ գյուղում շան հարձակումից քաղաքացիներ էին տուժել և տեղափոխվել «Գյումրի» ԲԿ։