Հայաստանում 2024 թվականի հունվարի 1-ից հուլիսի 29-ը լաբորատոր հաստատված 540 կարմրուկի դեպքից հիվանդանոցային բուժում է ստացել 426 բուժառու, տնային պայմաններում՝ 114-ը, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Առողջապահության նախարարությունից։
Ըստ հարցման պատասխանի՝ այս պահին հիվանդանոցային և ամբուլատոր բուժում ստացող բուժառուներ չկան:
ԱՆ-ն նշել է, որ 2023 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 359 դեպք, այսպիսով՝ մեկ տարում կարմրուկի գրանցված դեպքերն ավելացել են 181-ով։ Իսկ 2022 թվականին կարմրուկի լաբորատոր հաստատված դեպք չի գրանցվել։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հուլիսի 29-ին հայտնել էր, որ Հայաստանում 2024-ին գրանցվել է կարմրուկի 540 դեպք։ Ապրիլի վերջին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել էր հիվանդության 362 դեպքի մասին։